Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղեկատվությունը զուրկ է հիմնավորումներից. դատախազությունը՝ Էդ. Մարուքյանին

Պաշտոնական
marukyan

ՀՀ դատախազության հայտարարությունը ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանի կողմից ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի քվեարկության ընթացքում արված հայտարարությանը, թե «...Դատախազությունից մարդ է եղել այստեղ, մոտեցել է մեր կուսակցության անդամներին ու ասել՝ բաց չքվեարկեք, քրեական գործ կհարուցենք ձեզ վրա։ Հենց էստեղ տեղում են ճնշել։ Ոմն դատախազ Ասրյան էր այստեղ աշխատում... »,  տեղեկացնում է. Նշված տեղեկատվությունը զուրկ է հիմնավորումներից և չի համապատասխանում իրականությանը` առնվազն այն պարզ պատճառով, որ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում Ասրյան ազգանունով  (ինչպես նշել է Է. Մարուքյանը)  դատախազ չի աշխատում, հետևաբար նա չէր կարող մասնակցել վերոնշյալ գործընթացին: Դատախազի վարքագծի կանոնագիրքը հստակ սահմանում է. «...Դատախազը չի կարող լինել քաղաքական կազմակերպության անդամ, ինչպես նաև որևէ կերպ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Նա չպետք է հովանավորչություն դրսևորի որևէ քաղաքական կուսակցության նկատմամբ...»:  Դատախազությունը հետևողական է, բոլոր աշխատակիցների կողմից սույն կանոնի խստիվ պահպանմանը: Անընդունելի համարելով հանրության շրջանում թյուրընկալումների տեղիք տվող, չփաստարկված և վարկաբեկող տեղեկատվության տարածումը, ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է  քաղաքացիներին, պաշտոնյաներին, առավել ևս՝ իրավաբաններին, որոնք տիրապետում են իրավական բոլոր ընթացակարգերին, զերծ մնալ չհիմնավորված և ոչ փաստարկված հայտարարություններից, որևէ դատախազի գործունեության վերաբերյալ առերևույթ իր լիազորությունները շրջանցելու հիմնավոր տվյալներ ունենալու դեպքում դրանք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն՝  վստահեցնելով, որ ներկայացված տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով քննարկման և իրավական գնահատականի կարժանանա: