Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը խիստ նկատողություն արեց

Պաշտոնական
unnamed-2

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ  նախորդ շաբաթվա ընթացքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով արձանագրվել է 6 դեպք: Երկու հասցեներում էլ կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կասեցվել են ապօրինի շինարարության դեպքեր, որոնք, ըստ էության, տվյալ  վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների թերի և անպատասխանատու աշխատանքի հետևանք են:  Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունն ու թերացող աշխատակիցների նկատմամբ կիրառել օրենքի սահմանված վարչական տույժեր: «Առնվազն անթույլատրելի է, երբ  տաս օր շարունակ ապօրինի շինարարություն է կատարվում և այդ մասին մենք տեղեկանում ենք մեր քաղաքացիների կողմից հնչեցրած ահազանգերից հետո միայն: Սա նշանակում է, որ տվյալ տարածքների համապատասխան տեսուչներն ու պատասխանատուներն ուղղակի անգործության են մատնված, եթե տասն օր շարունակ չեն հայտնաբերում ապօրինությունն ու համապատասխան քայլեր չեն ձեռնարկում դրանց կասեցման ուղղությամբ: Բոլորին հայտարարեք խիստ նկատողություն, իսկ կրկնվելու դեպքում ազատեք աշխատանքից: Եվ, ընդհանրապես, այս ուղղությամբ եղեք առավել կոշտ և հետևողական: Բոլոր նրանք, ովքեր նախընտրում են նման աշխատաոճը, անելիք չունեն այստեղ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու  կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 80 վարչական արձանագրություն: Այս ուղղությամբ հանձնարարվել է շարունակել ամենօրյա  խստացված հսկողությունը:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն