Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսային տեսուչն առևանգել է ԻԻՀ քաղաքացուն. ՀՔԾ բացահայտումը

Պաշտոնական
HQC

2016թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ին, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել Աբովյան քաղաքի բնակիչ Բենիկ Մ.-ն և հայտնել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի անասնապահական ֆերմայից անծանոթ անձինք մեքենայով առևանգել են իր ծանոթին: Նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ առևանգվողըԻրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ղասեմ Ղ.-ն է, որը հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը  Մայակովսկի (նախկինում՝ Շահաբ) գյուղի անասնաֆերմայի շրջակայքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ավագ մաքսային տեսուչ Թ. Գ.-ն և մի խումբ այլ անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ: Այնուհետև նույն անձինք, իր կամքին հակառակ, իրեն նստեցրել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, վարել են անհայտ ուղղությամբ՝ սպառնալով սպանել իրեն: Ճանապարհին ավագ մաքսային տեսուչը հեռախոսազանգ է ստացել ոստիկանությունից, որից հետո իրեն ազատ են արձակել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն