Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած բժիշկներին
Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած բժիշկների խմբին` ուղեկցությամբ դոկտ. Ժան Պիեռ Բերբերյանի: Վերջինս Նորին Սրբությանը ներկայացրեց բժիշկների այցի նպատակները և հայցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Ողջունելով ֆրանսիացի բարեկամ ժողովրդի զավակների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը նրանց ցանկացավ հաճելի և անմոռանալի օրեր հյուրընկալ Հայաստան աշխարհում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Ս. Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` մասնավորապես ընդգծելով, որ քրիստոնեության ընդունումով ուղեգծվեց հայ ժողովրդի պատմական ընթացքը: Նորին Սրբությունն ընդգծեց Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությունը ժողովրդի ազգային ինքության և գոյության պահպանության գործում, ինչպես նաև անդրադարձ կատարեց Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին և ներկայիս հովվական ծառայությանը: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, խոսելով ՀՀ անկախության տարիներին ձևավորված միջպետական հարաբերությունների մասին, գոհունակությամբ շեշտեց ջերմությամբ և բարեկամությամբ հատկանշված սերտ կապերը և գործակցությունը Ֆրանսիայի հետ: Գարեգին Բ Կաթողիկոսն աղոթեց, որ երկու պետությունների ու ժողովուրդների հարաբերությունները միշտ մնան այդքան ջերմ և բարեկամական: Նորին Սրբությունը, ի դեմս պատկառելի խմբի, շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին` Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու և ճանաչելու, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորման գործում գործադրվող ջանքերի համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատասխանեց բժիշկների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Ցեղասպանության ու խորհրդային տարիների հետևանքով Հայոց Եկեղեցուն պատճառված ավերների վերականգնմանը, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու և այլ Քրիստոնեական Եկեղեցիների ու կրոնների հետ Հայոց Եկեղեցու հարաբերություններին, աճող սերնդի քրիստոնեական դաստիարակությանը: Վերջում Վեհափառ Հայրապետն արդյունավոր ծառայություն մաղթեց բժիշկներին` Աստծու զորակցությամբ շարունակ նպաստելու մարդկանց առողջ կյանքին: Մայր Աթոռ