Վարդուհի Վարդերեսյանը` գրիմով և առանց գրիմի
Այսօր Ավետիք Իսահակյանի գրադարանում (մտերիմները շեշտում են, որ Վարդուհի Վարդերեսյանի սիրելի գրադարանն էր) Վարդուհի Վարդերեսյանի մարդկային նկարագրի, ստեղծագործական կերպարի և դերասանական վաստակի մասին գեղարվեստական-փաստագրական «Հայ բեմի թագուհին» գրքի շնորհանդես էր:
Գրականագետ, լրագրող, գրքի հեղինակ Գայանե Աթանեսյանը Վարդուհի Վարդերեսյանի վերջին 17-18 տարիների մտերիմն է, անվերապահորեն արտիստուհուն նվիրված երկրպագու և, ինչպես հեղինակն է շեշտում, արտիստուհուն ներկայացրել է և՛ գրիմով, և՛ առանց դրա.«Քսան րոպեն վերաճեց ժամի, ժամը՝ երկու ժամի: Վերջում էլ Վարդուհի Վարդերեսյանը ասաց՝ Աս ինչ պայծառ աղջիկ ես դուն, նորեն կուգաս»:
2009 թվ-ին լույս է տեսել գրքի առաջին մասը՝ «Ժողովրդի հետ, ժողովրդի համար, ժողովրդի սիրով» խորագրով:
«Այդ գլխից հետո «Ծեր տիկնոջ այցը» ներկայացումն էր, մտածեցի մի երկու հոդվածով էլ դա կամփոփեմ: Հետո տիկին Վարդուհին ասաց՝ գիտես, այնքան բան կար ասելու, կիսատ մնաց: Հաջորդ հանդիպման արդեն ասած՝ չէ, բավ է, էլ ասելու բան չկա»:
Գրքի հեղինակը չէր կարող գրքի աշխատանքները չշարունակել, քանի որ Վարդուհի Վարդերեսյանի հետ անցկացրած ցանկացած օր յուրահատուկ էր և գրման արժանի:
«Առաջին գրքից հետո ասաց՝ ապրես, դու շատ լավ ես հասկացել ինձ: Նա բուռն փշերով լեցուն էր: Այդ փշերը բուժող հատկություն ունեն, բայց մարդիկ այդպես էլ չհասկացան: Այդ փշերը կարող էին սթափեցնել՝ գիտես տղա, դու միջակ ես, քեզ աստղի տեղ մի՛ դիր»:
Գրքի շնորհանդեսին հրավիրված արվեստի տասնյակ գործիչներից և Վարդուհի Վարդերեսյանի մտերիներից իրենց ներկայությամբ պատվել էին արձակագիր Նելլի Շահնազարյանը, պատմաբան Էդիկ Մինասյանը, մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը, հեռուստամեկնաբան Կարեն Քոչարյանը, մեներգչուհի Սիրանույշ Եղիազարյանը, երաժշտական կատարմամբ հանդես եկավ դուդուկահար Գևորգ Կարապետյանը (տիկին Վարդուհին հատուկ ակնածանք էր տածում դուդուկի նկատմամբ: Նա դուդուկի մեղեդին համարում էր հայ հոգու աղոթք):
