Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկարիչների հույսը գոնե մի նկար վաճառելն է

Մշակույթ
3

Գերազանցության դիպլոմով Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջն այս տարի ավարտած Կլարա Մարգարյանն իր ապագան գեղանկարչության հետ չի կապում: «Նկարել եմ միշտ, ինչքան ինձ հիշում եմ: Իսկ պրոֆեսիոնալ նկարչությամբ զբաղվում եմ 5 տարի, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, որը շատ մեծ դպրոց էր: Թերլեմեզյանում ամենակարևոր բաներից մեկը որ ձեռք բերեցի, դա գեղագիտական ճաշակն է: Մի քանի ցուցահանդեսի եմ մասնակցել»,- մեզ հետ զրույցում պատմեց Կլարան: Սակայն, երբ եկել է հիմնական մասնագիտություն ընտրելու պահը, որոշել է դառնալ համակարգչային դիզայներ, որովհետև ինչպես ինքն է ասում` այս մասնագիտությունը` ի տարբերություն նկարչության, թույլ կտա «հացի փող» վաստակել: «Ցավոք սրտի հենց բուն գեղանկարչությամբ մեր օրերում այնքան էլ հետաքրքրվողներ չկան: Հիանալի կլիներ օրվա ապրուստը հենց նկարելով էլ վաստակել, ստանալ պատվերներ»,- մեզ հետ զրույցում ասաց 19-ամյա ուսանողուհին: Այն, որ նկարչությամբ ասյօր հնարավոր չէ ապրուսը հոգալ, վկայում են նաև Կլարայի շատ ավագ գործընկերները: Սարյանի այգում իր նկարները վաճառող Մարիամ Վարդանյանը տարիներ առաջ նույնպես ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը և իր ողջ կյանքը նվիրել նկարչությանը, սակայն անկեղծանում է, որ նկարների վաճառքից ստացված գումարն այսօր չի բավարարում ապրելու համար: «Մի կերպ պարտքով հաց ենք առնում, հետո մտածում ենք` թոշակ կստանանք կամ մի փոքր նկար կվաճառվի: Անցած տարվանից մեծ նկար չեմ վաճառել, մեծերը տարել եմ պահեստ»,- պատմում է նա: Մարիամ Վարդանյանի հետ նույն այգում իրենց նկարները վաճառող մյուս գեղանկարիչները ևս վկայում են, որ Հայաստանում նկար գնողներն օրեցօր պակասում են: Գեղանկարիչ Նորիկ Հարությունյանն այս հանգամանքը կապում է արտագաղթի հետ: «Ժողովուրդ չկա, որ առնի, ո՞ւր է ժողովուրդ, Հայաստանում մարդ մնա՞ց որ, բոլորը գնացել են ու դեռ գնում էլ են»,- դժգոհեց նա: Սարյանի այգում ու Վերնիսաժում նկարներ վաճառելու հույսով ամբողջ օրն անցկացնող նկարիչների մեծ մասն ավագ սերնդի ներկայացուցիչներ են, ովքեր օրական մեկ-երկու նկար վաճառելուց բացի ապավինում են թոշակին, որով կարողանում են,  ինչպես իրենք են ասում,  գոյատևել: Նոր սերնդի ներկայացուցիչ Կլարա Մարգարյանը հենց այս իրավիճակին ծանոթ լինելով է, որ որոշել է սիրած մասնագիտությանը զուգահեռ նաև այլ մասնագիտություն ընտրել: Բայց երիտասարդ նկարչուհին լի է լավատեսությամբ և վստահ է, որ եկամուտ ապահովող դիզայների մասնագիտությունից զատ, այնուամենայնիվ, հնարավորություն կունենա ազատ ժամանակ զբաղվել նաև նկարչությամբ` բավարարելով ոչ միայն ֆինանսական, այլև` հոգևոր պահանջմունքը: 1