ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱՆԵՐԻ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին2000թ. հիմնադրված «Սաղմոս» մշակութային կենտրոնը շուրջ երեք մշակութային օջախներում հունիսի 20-ից անցկացնելու է «Անակնկալների շաբաթ» հերթական փոքր փառատոնը՝ ընկերներ ընկերների համար կարգախոսով:
Ինչպես կենտրոնի ղեկավար, «Հոգեւոր եւ ազգային» անսամբլի ղեկավար, երգչուհի Աննա Մայիլյանն է ասում. «Այս փառատոնը հնարավորություն է տալիս ընկերներով հավաքվել եւ այդ հանդիպման բերկրանքն ապրել... Մանավանդ որ առօրյան այսօր այնքան սառն ու բիզնեսային է դարձել»: Ստեղծագործական երեկոներին մասնակցելու են լուսանկարիչներ, կոմպոզիտորներ, դաշնակահարներ Ֆրանսիայից, Գերմանիայից եւ, իհարկե, Հայաստանից:
Փառատոնի շրջանակներում «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի ֆրանսերեն լեզվով երկու ֆիլմ, որոնք զուգահեռ կթարգմանվեն հայերենով: Առաջինը 15 րոպեանոց դոկումենտալ ֆիլմ է եւ կոչվում է «Կարսկայա». այն պատմում է նկարչուհի Իդա Կարսկայայի մասին: Ի դեպ, նկարչուհին փառատոնի մասնակից ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Կարսկիի մայրն է: Հաջորդ ֆիլմը ֆրանսահայ հայտնի դերասան Սերժ Ավետիքյանի «Կյանքի գինը» անիմացիոն ֆիլմն է, որը ներկայացնում է գերմանական կոնցլագերի էությունը:
Այս փառատոնի կազմակերպման գլխավոր դրդիչ ուժը նաեւ, ինչպես նշեց երգչուհի Աննա Մայիլյանը, իր հոր՝ լուսանկարիչ Լեոնիդ Մայիլյանի հիշատակի անմահացումն է, որը ժամանակին ԽՍՀՄ Ժուռնալիստների միության անդամ էր: Այս նպատակով փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նրա՝ 70-80թթ. արված շուրջ 300 լուսանկարներ:
Աննա Մայիլյանը նաեւ խոստանում է, որ կլինեն անընդմեջ իմպրովիզացիաների շարան, իսկ երեկոները կընթանան անկազմակերպ՝ առանց ծրագրավորած սցենարի: «Այդպես ավելի հետաքրքիր կլինի»,- ասում է երգչուհին: