ՊՊԾ շենքի գրավման առիթով գործ է հարուցվել. հոդվածները ԱԱԾ-ն չի նշում
«Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ոստիկանության Էրեբունու պարեկա-պահակային գնդի գրավման դեպքով ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: Թե որ հոդվածներով է գործը հարուցվել, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետը նախընտրեց չմանրամասնել: Ըստ մամուլի հրապարակումների՝ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 219-րդ՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու եւ 235-րդ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածներով: Արդեն 7-րդ օրն է «Սասնա ծռեր» խումբը վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ վերցնել ոստիկանների, նրանցից գնդապետ Արթուր Վանոյանը զոհվել էր: Ներկա պահին որպես պատանդ պահվում է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Մամուլի կենտրոն բացելուց հետո, ըստ պայմանավորվածության, նրանք եւս ազատ կարձակվեն: