«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ»-ը ԿՎԵՐԱԾՎԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի հունիսի 23-30 կանցկացվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոնը:
Բացման արարողությունն այս տարի տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որպեսզի հնարավոր լինի պատվիրակությունների ներկայությունը համապատասխան ձեւով ապահովել: Այս տարվա փառատոնի ծրագրում ընդգրկված են թատերարվեստին, երաժշտարվեստին, կերպարվեստին, պարարվեստին, գրականությանն, ինչպես նաեւ ժողարվեստին նվիրված առանձին օրեր:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը նշեց. «Մեր փառատոններում պարային տաշի-տուշիները շատ են: Դա, իհարկե, շատ լավ է, բայց մտածել ենք նաեւ մեծ տեղ հատկացնել դասական երաժշտությանը եւ երգչախմբային ելույթներին: Այնպես պետք է անենք, որ ամեն ինչ ընդգրկենք ու ամեն ինչից հավասար ունենանք»:
Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը՝ աջակցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի գործակալության, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի: Նախորդ տարվա 100 միլիոն դրամի փոխարեն այս տարի ՀՀ Կառավարությունը փառատոնի անցկացման համար պետբյուջեից տրամադրել է 117 մլն դրամ: Միայն Ջավախքից եւ Լեռնային Ղարաբաղից ժամանած շուրջ 500 մասնակցի կեցության եւ սննդի հարցերի ապահովումը ՀՀ Կառավարությունն իր վրա է վերցնելու:
«Փառատոնն Անկախության 15-ամյակի կապակցութայմբ այս տարի վերածվելու է համազգային տոնախմբության»,- ասում է հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը: Փառատոնը նաեւ հնարավորություն է ընձեռելու հայրենիքում մշակութային արժեքների միասնական ներկայացման, մշակութային հիմնահարցերը համատեղ քննարկելու համար: Ինչպես նշեց Ռոբերտ Քոչարյանի օգնական Վիգեն Սարգսյանը, արդեն պետք է այնպես անել, որ Հայաստանն օգնի, աջակցի Սփյուռքին, նպաստի երկկողմ կապերի հաստատմանը: «Սփյուռքի հայկական մշակութային կենտրոնները հայրենիքից նոր, դրական լիցքերի, աջակցության կարիք ունեն»,- ավելացրեց նա:
2004թ. տեղի ունեցած առաջին փառատոնի համեմատությամբ այս տարի մասնակիցների թիվն ու աշխարհագրությունն ավելի ընդլայնվել է. արտերկրի մասնակիցների թիվն ավելացել է 1000-ով, իսկ Հայաստանից եւ Արցախից մասնակիցների թիվն ընդհանուր առմամբ 1000-ից ավելի է: Մասնակիցները ժամանելու են ավելի քան 20 երկրներից, այդ թվում՝ Վրաստան, ԱՄՆ, Թուրքիա, Իրան, Ֆրանսիա: Ամենամեծ պատվիրակությունն այս տարի կազմակերպիչները սպասում են Ռուսաստանի Դաշնությունից, որն առաջին փառատոնի ժամանակ հավուր պատշաճի չէր ներկայացել: Այս փառատոնին միայն Հարավային Ռուսաստանի հայ համայնքը կներկայնա 10 ստեղծագործական խմբով: Այս նպատակով Թամարա Պողոսյանն անձամբ մեկնել էր Հարավային Ռուսաստանի շրջաններ՝ տեղում ծանոթանացնելու փառատոնի ծրագրերին եւ անձամբ փոխանցելու մասնակցության պաշտոնական հրավերը: