«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԴԵՌ ՖԻՆԱՆՍ ՉՈՒՆԻ
Աջակցիր «Ա1+»-ին«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում` հուլիսի 12-13 կանցկացվի «Ռեժիսորներ առանց սահմանների» երկօրյա սեմինար-աշխատանքային հավաքը, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ: Այսօր այդ մասին «Երեւան» հյուրանոցում հերթական ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները:
«Համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսորներ, կինոարտադրողներ, կինոքննադատներ, հիմնադրամների ներկայացուցիչներ կներկայացնեն տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ իրենց դիտարկումներն ու համատեղ ծրագրերը»,- ասում է «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Փառատոնին կցուցադրվի «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆիլմերի հատուկ ծրագիրը, որը 20 երկրներից ներկայացված 20 ֆիլմեր են: Ըստ Սուսաննա Հարությունյանի, այս ծրագրի նպատակն է նպաստել տարածաշրջանում կինոյի միջոցով երկխոսության զարգացմանը: Նա այն համոզմանն է, որ կինոն արտահայտման այն եզակի ձեւերից է, որը ուղղված է վերափոխելու մարդկային հարաբերությունները եւ չի ճանաչում քաղաքական, գաղափարական, ռասայական կամ կրոնական սահմաններ: Դրա վառ ապացույցն այն է, որ փառատոնին ներկայացված է մեկ ֆիլմ Ադրբեջանից եւ 4 ֆիլմ Թուրքիայից:
Փառատոնի բյուջեն դեռ համալրված չէ: Չնայած կազմակերպիչների հաշվարկով առնվազն 300 մլն դրամ է հարկավոր, բայց նրանք ունեն դրա չնչին մասը` 50 մլն դրամ: Այդ հավաքված գումարը տրամադրել է Մշակույթի նախարարությունն ու կառավարությունը, քանի որ «պետությունը կարեւորում է այսպիսի խոշոր իրադարձությունը մեր կինոաշխարհում եւ մշակութային կյանքում»,- ասում է Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Արտգործնախարարությունը եւս իր աջակցությունն է ցուցաբերում` ֆիլների տեղափոխման առումով:
Ի դեպ, կազմակերպիչները խոսելով նախորդ տարվա փառատոնի արդյունքներից եւ ձեռքբերումներից, վկայեցին, որ ստեղծվել է տարածաշրջանի կինոգործիչների ցանց, որն ընդգրկել է 50-ից ավելի ներկայացուցիչներ 12 երկրներից: «Կինոգործիչների միջեւ ծավալված քննարկման արդյունքում ձեւավորվել են նախաձեռնության հիմնադրույթները, որը 2005 թ. դեկտեմբերի 2-4-ին ներկայացվել են Եվրոպական Մշակութային Պառլամենտի 4-րդ նստաշրջանին եւ հավանության արժանացել: Հաշվի առնելով ծրագրի նշանակությունը տարածաշրջանի համար` նրանք որոշում են կայացրել ստանձնել «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի հովանավորությունը»,- ասում է Սուսաննա Հարությունյանը: