Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԴՐԵՆ ՄԻԿՐՈՖՈՆԸ ՔԻՉ ԷՐ ՄՆԱՑԵԼ ԿՈՒԼ ՏԱՐ

Մշակույթ

Լրագրողներին սովորույթի համաձայն մոտ 20 րոպե սպասեցնելուց հետո երգիչ Անդրեն եկավ եւ խնդրեց խոսել ոչ այնքան անցածի մասին, որքան ապագա ծրագրերից: Այնուամենայնիվ, զրույցն ընթացավ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Անդրեի մասնակցության շուրջ:

Անդրեն խոստովանում է, որ իր ելույթն իսկապես առանց թերությունների չի անցել: Այն, որ իբր հուզմունքից չի կարողացել մի նախադասություն երգել, դա, ըստ նրա, այնքան էլ ճիշտ չէ. «Հեռուստադիտողը դժվար թե նկատած լիներ, թե ինչպես քիչ էր մնում միկրոֆոնը կուլ տայի: Չգիտեմ՝ ինչպես եղավ դա, որ միկրոֆոնը հայտնվեց երկու շուրթերիս արանքում: Նախորդ օրերին բազմիցս փորձեր եղել էին ու ոչ մի նման դեպք»,- ասում է Անդրեն:

Նրա կարծիքով, այս մրցույթում գնահատվում են ոչ թե երգչի վոկալ տվյալները, այլ երգն ու կազմակերպված շոուն:

«Եվրատեսիլը» անկանխատեսելի մրցույթ է. եթե նախորդ տարիներին գնահատվում էր էթնիկ-մոդեռն ոճն, ապա այս տարի հեղափոխություն եղավ եւ առաջնությունը տրվեց ռոքին: Ես անչափ սիրում եմ ռոք երաժշտություն, բայց ինչ վերաբերում է ֆինլանդական եւ լիտվական խմբերին, նրանք կարծես եկել էին ծաղրելու «Եվրատեսիլը»»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մրցույթի արդյունքներին, ապա Անդրեի համար բոլորովին էլ տարօրինակ չէր Թուրքիայի տված 10 բալը, անսպասելի էր, որ 12 միավոր չէին տվել: «Թուրքական կողմն անընդհատ նշում էր, որ իրենք լավ են տրամադրված մեր նկատմամբ եւ ավելին՝ նրանք ծանոթ էին նույնիսկ իմ երգերից շատերին, որոնք լսել են մեր հեռուստաալիքներով»,- ասում է երգիչը:

Անդրեն չի ժխտում, որ իր հաղթանակի համար մեծ մասնաբաժին ունի Սփյուռքը: Հատկապես Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դեր է խաղացել, որ այնտեղ այս տարի ավելի ակտիվ դիտեն մրցույթը, որն այնքան էլ մեծ մասսայականություն չի վայելում: Հայաստանն ամենաակտիվ քվեարկողներից էր. 250 հազարից ավելի մարդ է մասնակցել, ըստ Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանի, բոլոր տարիքի մարդիկ մասնակցել են քվերակությանը: