Եվրո-2016-ում այսօր կհանդիպեն մրցաշարի երկու հայտնությունները
Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանան 2-րդ տուրի վերջին երեք հանդիպումները: Առաջինը պայքարի մեջ կմտնեն Ե խմբում հանդես եկող Բելգիայի եւ Իռլանդիայի հավաքականները: Երկու թիմերին էլ օդ ու ջրի պես հաղթանակ է պետք այս խաղում: Բելգիացիները պարտվելու դեպքում ընդհանրապես կարող են կորցնել փլեյ-օֆֆ մտնելու շանսերը: Իռլանդիան եթե սայթաքի, ապա վերջին խաղում ստիպված պետք է անպայման հաղթի խմբի առաջատար Իտալիային, ինչն ընդհանուր առմամբ բարդ գործ է ցանկացած հավաքականի համար: Ֆ խմբում տեղի կունենա երկու հանդիպում: Նախ հարաբերությունները կպարզեն մրցաշարի երկու հայտնությունները՝ Հունգարիայի եւ Իսլանդիայի հավաքականները: Հունգարացիները ժամանակից շուտ 1/8 եզրափակիչ կմտնեն, եթե այսօր կարողանան հաղթել Իսլանդիային, ինչպես դա արել են 1-ին տուրում, Ավստրիայի հետ խաղում: «Սառույցի եւ հրաբուխի» երկրի ֆուտբոլիստներին նույնպես 3 միավոր է պետք, քանի որ ոչ-ոքիներով հնարավոր չէ լուծել փլեյ-օֆֆ մտնելու հարցը: Օրվա երրորդ խաղում կհանդիպեն այդ խմբի նոմինալ ֆավորիտները՝ Պորտուգալիան ու Ավստրիան: Ավստրիացիները հայտնվել են բարդ իրավիճակում, քանի որ պարտվելու դեպքում նրանք հաստատ դուրս կմնան հետագա պայքարից: Պորտուգալիայի հավաքականը դեռեւս կարող է իրեն թույլ տալ խաղալ ոչ-ոքիի համար, բայց այդ դեպքում նրա ճակատագիրը կախված կլինի 3-րդ տուրի Հունգարիայի հետ հանդիպման արդյունքից: