Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՑԻ ՀԱՅՀՈՅԱՆՔԻՑ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԷԼ ԿԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Մշակույթ

«Շնորհակալություն այն հրաշալի ավանդույթի համար, որ թույլ է տալիս ԱԺ-ում լսել ոչ միայն հայհոյանքներ: Հիմնարկը պազերես եք անում»,- այսօր կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի խորհրդարանական հանձնաժողովում բացված ցուցահանդեսի ժամանակ Հրանուշ Հակոբյանին ասաց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

Հանձնաժողովը կազմակերպել էր Բենիկ Պետրոսյանի եւ Ալիս Ադամյանի դուստր Արեւիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Մեծածավալ կտավներն արված էին վիտրաժային ներկերով, հեղուկ ապակու վրա՝ ոսկով ու արծաթով: «Դուք ապացուցեցիք, որ տաղանդը սահմաններ չունի»,- ասաց Վահան Հովհաննիսյանը, որին բավականին հոգեհարազատ էին ցուցադրված աշխատանքների ոճն ու գույները:

Մշակույթի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ նկարների ցուցադրությունը պատահական չի ընտրված, եւ այն հերթականությունը, որով ցուցադրված էին մեծածավալ կտավները, հայ ժողովրդի կյանքի տրամաբանությամբ էին դրված՝ սկզբում կարմիր ծաղիկներ՝ արյունով ներկված, ապա հաղթանակ խորհրդանշող գույներ, հետո խաղաղ առավոտներ, վերջում պայծառ ապագա:

«Այնքան ջերմություն կա կտավներում, այնքան բարություն»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

«ԺՊ» ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանն էլ նկատեց, որ Աստծո ձեռքը այդ ընտանիքի գլխին է, քանի որ դրա բոլոր անդամներն են տաղանդավոր: Հիշեցնենք, որ Արեւիկ Պետրոսյանի եղբայրը հայտնի ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանն է:

«Իրոք, մի փոքր լույսը կաբինետներում արդեն լավ է»,- ասաց նկարչուհի Արեւիկ Պետրոսյանը: Իսկ խորհրդարանում լույս իսկապես անհրաժեշտ է` բառի բուն եւ փոխաբերական իմաստով: Այսօր մշակույթի հանձնաժողովում լույսի պակաս չկար:

Ի դեպ, ԱԺ նիստերի ընդմիջմանը տեղի ունեցած ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՅԴ խմբակցության ղեկավար կազմը՝ Հովհաննիսյան, Ռուստամյան, Հովսեփյան, Կարապետյան, Մանուկյան, ՀՀԿ խմբակցությունից երեք պատգամավոր՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, եւ Արշակ Սադոյանը: