Հակաօդային անկախությունը հանձնվում է Ռուսաստանին. ԻՔՄ
Ուրբաթ օրը Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որն արդեն առաջիկա օրերին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Թեև պաշտոնատար անձինք հայտարարում են, որ այդ համաձայնագրով Հայաստանի անվտանգությունը միմիայն կշահի և Զինված ուժերը չեն կորցնի իրենց անկախությունը, սակայն համաձայնագրով այլ բան է ամրագրված: ՀՕՊ-ի միավորում Ինչպես հայտնի է, Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի հակաօդային ստորաբաժանումները ու Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիախումբը ՀԱՊԿ-ի սահմաններում կրում են Հայաստանի օդային տարածքի պաշտպանության պարտականությունը (համաձայն «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագրի 3-րդ հոդվածի): Իսկ ահա նոր համաձայնագով նախատեսվում է, որ պատերազմական, ինչպես նաև «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի տարածքում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի դաշնության հակաօդային պաշտպանության զորքերը պետք է գործեն միասին և չեն կարող ինքնուրույն գործողություններ կատարել: Ընդ որում, որպեսզի հանկարծ կողմերից «մեկը» չկատարի հակաօդային զենքերի «չարտոնված» օգտագործում, պայմանագրի հավելվածով նախատեսվում է նման դեպքերը կանխող «գործողությունների» կազմակերպում: Ավելին, անգամ խաղաղ ժամանակ ՀՕՊ զորքերը ամբողջական ինքնուրույնություն են պահպանում միմիայն «ամենօրյա» գործունեության կազմակերպման հարցում (մյուս հարցերում ինքնուրույնությունը բավականին նվազեցված է): Եվ եթե խաղաղ ժամանակ կողմերը կարող են մասնակիորեն ինքնուրույն ղեկավարել յուր ՀՕՊ ուժերը, ապա պատերազմի, կամ, ինչպես նշված է պայմանագրում «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ կողմերն զրկվում են այդ անկախությունից… Ավելի ճիշտ, կողմերից մեկն է զրկվում այդ անկախությունից և այդ մեկ կողմը, բնականաբար, հայկական կողմն է: ՌԴ հրամանատարության ներքո Բանն այն է, համաձայնագրի 6-րդ հոդվածն ամրագրում է Հայաստանում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության զորքերի համատեղ գործողությունների ղեկավարման հիերարխիան: Ըստ նշված հիերարխիայի, համատեղ գործողությունների ընդհանուր համակարգումը իրականացնելու է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարը, գործողությունների ընդհանուր ղեկավարում իրականացնելու է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը, և միայն գործողությունների անմիջական ղեկավարումն է, որ ընկնելու է հայկական կողմի վրա՝ ի դեմս հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի: Այսինքն, Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի վերադաս հրամանատարությունը (ընդհանուր համակարգումն ու ղեկավարումը) անցնում են Ռուսաստանի Դաշնությանը: Այլ կերպ ասած, պատերազմի կամ «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի հակաօդային պաշտպանության ղեկավարությունը ստանձնելու է Ռուսաստանը: Հետևապես ցավով պետք է արձանագրենք, որ համաձայնագիրը ինչ-որ չափով Հայաստանը նմանեցնում է Հարավային Օսեթիային ու Աբխազիային, որոնց ուժային կառույցների մի մասը պաշտոնապես դարձել են Ռուսաստանի ուժայինների ֆիլիալներ (ստորաբաժանումներ): Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»