Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՒԼԻՍԻՆ ԿԸՆԲՈՇԽՆԵՆՔ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»

Մշակույթ

Հուլիսի 10-15 կմեկնարկվի «Ոսկե Ծիրան-2006» երրորդ միջազգային կինոփառատոնը: Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով` շատ բաներում մեր ազգը ետ է մնացել, բայց գոնե պետք է սրանով ցույց տա, որ մենք մշակույթային ազգ ենք:

Փառատոնին ներկայացվել է 56 երկրներից 257 հայտ, որոնցից միջազգային մրցույթի համար ընտրվել է շուրջ 50 ֆիլմ, խաղարկային 12, իսկ վավերագրական` 20: Ներկայացվածների մեջ կան նաեւ 15 հայկական ֆիլմեր, որոնց անունները փառատոնի կազմակերպիչները դեռ հրաժարվեցին բարձրաձայնել:

Արտասահմանյան բարձրորակ, բավականաչափ գումար ծախսված ֆիլմերի կողքին ինչպես են ընտրում ներկայացվելիք ազգային ֆիլմերը` հարցին, փառատոնի կազմակերպիչները ասացին, որ «եթե բարձր չափանիշով ընտրություն կատարենք, տակը բան չի մնա, դրա համար աշխատում են ավելի շատ, թե քիչ լավը ընտրել»:

«Ոսկե Ծիրան-2006» փառատոնի բյուջեն այս տարի կազմում է 300 000ԱՄՆ դոլար, որի 1/3-ը ՀՀ կառավարությունն է տրամադրել բյուջեով:

Արդեն կազմավորվել են «Ոսկե ծիրան-2006»-ի խաղարկային, վավերագրական եւ «Հայկական համայնապատկեր» մրցույթների ժյուրիները: Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է Բեռլինի կինոփառատոնի տնօրերն Մորից դե Հադելնը, վավերագրական ֆիլմերի ժյուրին գլխավորելու է կինոռեժիսոր, «Կոյանիսկացի» աշխարհահռչակ կինոնկարի հեղինակ Գոդֆրի Ռեջիոն, իսկ «Հայկական համայնապատկեր» մրցույթինը` դերասանուհի Արսինե Խանջյանը:

Փառատոնի շրջանակներում Հայաստանում պատվավոր հյուր Արտավազդ Փելեշյանին կհանձնվի Համաշխարհային կինոյում մեծագույն վաստակի համար մրցանակը: Նույն մրցանակին կարժանանան նաեւ հռչակավոր իտալական կինոռեժիսոր Մարկո Բելոկիոյին եւ ժամանակակից իրանական կինոյի ամենակարեւոր հիղինակներից Մոհսեն Մախմալբաֆին: Լրագրողների այն հարցին, թե երաշխիքներ ունեն, որ Արտավազդ Փելեշյանը այս տարի իսկապես կժամանի, փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը ասաց, որ նա անցյալ անգամ նկարահանումների մեջ է եղել, սակայն հույս ունեն, որ այս տարի նա կմասնակցի:

Նոմինացիաներում փոփոխություններ չկան, փոփոխված են փառատոնի ցուցապաստառը, սակայն մնայուն է լոգոտիպը:

Ինչպես տեղեկացրեց Տիգրան Խզմալյանը, փառատոնի օրերին ցուցադրվելու են 4 արտամրցութային ծրագրեր` «Մեկ օր Եվրոպայում»` 2005-2006թ. եվրոպական 10 լավագույն ֆիլմերը, «Ամառային Էյֆորիա»` Պլախովի կինոընտրանին, «Երեւանյան պրեմիերա», որը փառատոնի հյուրերի նոր կինոնկարների շնորհանդեսն է եւ «Վավերագրական աշխարհ», ինչը կազմակերպիչների կողմից ընտրված արտամրցույթային փաստագրական ֆիլների հավաքանի է:

Ի դեպ, հուլիսի 12-13-ին փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» միջազգային սեմինարը, որն անցկացնում է Եվրոպական մշակութային խորհրդարանի հովանու տակ: