ԱՆԴՐԵԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՅԺՄ ՀԱՅԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրատեսիլ-2006» մրցույթում Հայաստանը ներկայացնող Անդրեն երեկվա ելույթից հետո ընդգրկվել է 10 լավագույնների ցուցակում:
Եզրափակիչում Անդրեի հայտնվելը եվրոպացիների համար անակնկալ էր, իսկ ահա հայաստանցիների համար` ոչ: Կիսաեզրափակիչից առաջ միջազգային բուքմեյքերները Անդրեի հաջողությունը գնահատում էին 1.95 գործակցով, իսկ Հայաստանում այն 1.7 էր: Ի դեպ, երեկ շատերն էին խաղադրույք կատարել Անդրեի վրա:
Այժմ արդեն բուքմեյկերները խաղադրույքներ են վերցնում եզրափակիչի հաղթողի համար: Միջազգային բուքմեյքերների կարծիքով` հաղթելու ամենաքիչ հնարավորություն ունի Անդրեն, որի գործակիցը սահմանվել է 45, ինչը արտառոց բարձր է: Իսկ ահա Հայաստանում Անդրեի գործակիցը 18 է, ինչը նույնպես բավական բարձր է: Ընդամենը 1.01 գործակցով են խաղադրույքներ ընդունվում, որ Անդրեն չի հաղթի «Եվրատեսիլում»:
Իսկ ահա հաղթողի գլխավոր հավակնորդ բոլոր բուքմեյքերները համարում են Հունաստանի ներկայացուցիչին, ելնելով այն հանգամանքից, որ «Եվրոտեսիլը» անցկացվում է Աթենքում: Բարձր են գնահատվում նաեւ Շվեդիայի եւ Ռումինիայի շանսերը: Ռուսաստանի ներկայացուցիչ Դիմա Բիլանը հավակնորդների ցանկում 9 գործակցով 5-րդ տեղում է, սակայն ռուսները համոզված են, որ Բիլանը հաղթողի գլխավոր հավակնորդն է, ինչի ապացույցը կիսաեզրափակիչում նրա գրաված 1-ին տեղն է: