Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՐԻՆ

Սպորտ

Ջերմուկում անցկացրած 12-օրյա ուսումնամարզական հավաքից հետո այսօր երեկոյան Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մեկնում իտալական Թուրին քաղաք, որտեղ մայիսի 21-ին մեկնարկում է շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադան:

Տղամարդականց Հայաստանի հավաքականը իր վարկանիշով օլիմպիադայում 3-րդն է: Մեր թիմի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Ասրյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք հանդես կգան գլխավոր մարզիչ Տիգրան Նալբանդյանի գլխավորությամբ: Հայաստանի հիմնական մրցակիցները օլիմպիադայում կլինեն ամենատիտղոսակիր Ռուսաստանը, ինչպես նաեւ Ուկրաինայի, ԱՄՆ, Չինաստանի, Հունգարիայի եւ Իսրայելի հավաքականները:

Հայաստանի հավաքականի կազմում առաջին խաղատախտակի վրա հանդես կգա աշխարհի գավաթակիր, Լինարեսի սուպերմրցաշարի հաղթող Լեւոն Արոնյանը, իսկ Սմբատ Լպուտյանը 8-րդ անգամ հանդես կգա օլիմպիադյում, ինչը հայ շախմատիստների շրջանում ռեկորդային ցուցանիշ է:

Կանանց հավաքականում հանդես կգան Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոններ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը, որոնց մարզում է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Մեր կանայք իրենց վարկնաիշով օլիմպիադայում 8-րդն են, սակայն համարվում են մրցանակային տեղերի ռեալ հավականորդ: