Արմավիրի եւ Արագածոտնի մարզի բնակիչները զրկվել են ոռոգման ջրից
«Մեզ սովորեցնում են ուղտի պես ապրել»,- այսօր «Ա1+»-ին ահազանգեց Արմավիրի մարզի բնակիչներից մեկը: Նրա խոսքերով՝ երեկվանից կրկին Արմավիրի եւ Արագածոտնի մարզի բնակիչները զրկվել են ոռոգման ջրից: «Գյուղացիները սածիլը բերել են եւ շիվարած կանգնել: Վախը սրտում է, չի տրտնջում, վախենում է բարձրաձայնել, որովհետեւ կարող է ջրի պարտքը ուզեն»,- ասաց գյուղացիներից մեկը: Նրա խոսքերով՝ Թալինի ջրամբարը երեք ճյուղ ունի, մեկը վնասվել է, եւ ամբողջ ջրամբարի ջուրը փակել են: Մայիսի 10-16-ն էլ բնակիչները կրկին ջուր չեն ունեցել: Թե ինչի համար էր ջրազրկվել, հիմնավոր պատասխան բնակիչները չեն ստացել: «Քաղաքում նստած՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները կարողացան գյուղացուն ծնկի բերել»,- բողոքեց մի այլ գյուղացի: Գյուղացիները համոզված են՝ այդ ձեւով ցանկանում են ջրամբարներ լցնել: «Ա1+»-ը պատրաստ է ներկայացնել նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի մեկնաբանությունը խնդրի վերաբերյալ: