«ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ը` ՀՈՒՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՅՐՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱ
Աջակցիր «Ա1+»-ին«Եվրոտեսիլ 2006»-ին Հայաստանի ներկայացուցիչ երգիչ Անդրեին աջակցություն ցուցաբերելու եւ պատշաճ ձեւով ներկայացնելու նպատակով ստեղծվել է www.andreforarmenia.com կայքը: Հիշեցնենք, որ Անդրեի նախորդ կայքը ենթարկվել էր ադրբեջանցի հակերների հարձակմանը:
Ադրեի համար ստեղծված նոր կայքը հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալ երգչի գործունեությանն ու «Եվրոտեսիլ» մրցույթին վերաբերող նյութերին, այլեւ այդ կայքի միջոցով սփյուռքահայերը կարող են քվեարկել Անդրեի օգտին:
Իսկ մինչ այդ խնդիրներ են առաջացել Հունաստանում, ուր մեկնել էր Անդրեն իր երգը ներկայացնելու համար:
Հունական «Հայաստան» լրատուից «Ա1+»-ի խմբագրությունը ստացել է մի նամակ, որուոմ Հունաստանում բնակվող հայ համայնքի մի մասի անունից դժգոհություն է հայտնվում Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի գործունեությունից, որի պատճառով, ըստ «Հայաստան» լրատուի, «հունահայերը եւ Հայաստանից գաղթաց ու Հունաստանում հաստատված մեծ թվով մեր հայրենակիցները, հերթական անգամ ապրում են լարված մթնոլորտում»:
Նամակում բացատրվում է, որ լարված մթնոլորտի պատճառը «Եվրատեսիլ»-ի մրցույթին մասնակցող, Հայաստանի ներկայացուցիչ, Անդրեին դաշնակցության «Համազգային»-ի համար քարոզչական նպատակով օգրագործելն է, որն իրականանում է դեսպան Կաժոյանի օգնությամբ:
«Երգիչը փաստորեն կտրված է տեղի հայկական համայնքից, նրա մշակութային եւ կրթական բոլոր կենտրոններից, իհարկե բացառությամբ դաշնակցության հովանավորության տակ գոծողներից»,- ասված է նամակում. «Ամենաշատ վրդովմունք առաջացնողը եղել են հետեւյալ երկու դեպքերը. առաջին` մայիսի 14-ին, կիրակի օրը, Անդրեի եւ Հայաստանից ժամանած մի խումբ երգիչ, երգչուհիների մասնակցությամբ, հայ համայնքի համար կազմակերպված համերգը համատեղ կազմակերպվել է ՀՀ դեսպանատունը եւ դաշնակցության «Համազգային»-ը, փաստորեն դուրս թողնելով համայնքի մշակութային հարցերով զբաղվող եւս երկու, գլխավոր կազմակերպություններին («Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնին, որը գլխավորաբար զբաղվում է Հայաստանից գաղթածների հարցերով եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության մշակութային «Արարատ» միությանը) : Երկրորդ` երգիչ Անդրեի չայցելելը Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Գալփաքյան» վարժարան, եւ դա այն պարագային երբ նա այցելել ու երգել է դաշնակցության հովանու տակ գործող դպրոցներում:
Որոշ տեղեկությունների համաձայն` Հունաստանում ՀՀ դեսպանատան աշխատակազմը նունպես դժգոհ է դեսպան Կաժոյանի նման վերաբերումունքից, որն անտեղի խռովություն է առաջացնում հայ համայնքում: Համայնքի համար արդեն ամենեւին էլ զարմանալի չեն դաշնակցության նմանօրինակ մոտեցումները, սակայն` տարօրինակ, երբ դա արվում է ՀՀ դեսպանատան հետ միասին:
Հիշեցնենք, որ դեռեւս 2002 թ., դեսպան Կաժոյանի կարգադրությամբ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում, Աթենքում տեղի ունեցած Հունաստան-Հայաստան հանդիպման համար հայ համայնքին հատկացված տոմսերի տրամադրումը նույնպես հանձնվել էր դաշնակցականներին»,- ասված է «Հայաստան» լրատուի տարածած նամակում: