Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը եթե շահ չունենար պատերազմից հետ կանգնելու, չէր վազի Մոսկվա» (տեսանյութ)

Քաղաքականություն
Kiro-nkar

«Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ ակնկալել, որ ինչ-որ արդյունք պիտի ձեռք բերվի ղարաբաղա-ադրբեջանական խնդրում, դա չի լինի։ Հայաստանը շատ առիթներով ասել է դա, և միջնորդները չեն լսում կարծես այդ առարկությունը և շարունակելու են ճնշել Հայաստանի վրա, որպեսզի բանակցությունները տեղի ունենան այն մոդելով, որ իրենք պատկերացնում են։ Եվ դա շատ մոտ է կամ համահունչ է Ադրբեջանի պատկերացումներին»,-այսօր ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Հարցին, թե եթե անգամ ներդրվեն սահմանի ողջ երկայնքով հսկող սարքերը, մեղադրանքները հասցեական կլինե՞ն, նա ասաց. «Հասցեական են այնքանով, որ ասեն՝ այս կողմից կրակ եկավ։ Չեն ասում՝ հանցավոր է, հանցավոր չէ, պարզ է՝ իրենք դատավոր չեն։ Ակնկալել, որ դատավորի նման պիտի ելնեն, հայտարարեն՝ դուք մեղավոր եք, մենք պիտի գնդակահարենք բոլորիդ, այդպիսի բան չկա»։ Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք հիմա Ադրբեջանն այլևս շահ կամ պատճառ չունի նորից պատերազմ հրահրելու, պարոն Մանոյանը նշեց. «Ադրբեջանը եթե շահ չունենար պատերազմից ետ կանգնելու, չէր վազի դեպի Մոսկվա, որպեսզի միջնորդի, որ զինադադար վերահաստատվի։ Ադրբեջանը ռազմական գործողությունները սկսեց՝ ակնկալելով, որ ինչ-որ հաջողությունների պիտի հասնի, չհասավ։ Արդյո՞ք հիմա կնշանակի, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ չի ձեռնարկելու, դժբախտաբար, ոչ։ Ադրբեջանի շատ արարքների մեջ տրամաբանություն չկա։ Դժվար թե իրենք կարողանան իրենց այնքան զսպել, որ այդպիսի քայլերի նորից չգնան»։