Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ՀԱՐԵՒԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ...

Մշակույթ

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Հայ-ադրբեջանական երկխոսությանն են նվիրված «Այն հեռավոր հարեւան գյուղում...Այգեպար» եւ «Այն հեռավոր հարեւան գյուղում...Ալիբեյլի» 24 եւ 25 րոպեանոց փաստավավերագրական ֆիլմերը, որոնք պատմում են երկու սահմանակից՝ հայկական եւ ադրբեջանական գյուղերի հետպատերազմյան իրավիճակի եւ մարդկանց մասին:

Ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցել են հայ եւ ադրբեջանցի մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրն իր ռեժիսորական մեկնաբանությամբ ներկայացրել է հայ-ադրբեջանական հակամարտությունը: Ֆիլմերում հատկապես մեծ տեղ է հատկացված հիշողություններին. ինչպես են երկու գյուղերով հարեւանություն արել՝ գնացել-եկել, ինչ են մտածում գյուղացիները պատերազմի մասին, ինչից սկսվեց այն ու ինչպես են պատկերացնում հակամարտության լուծումը:

Նախաձեռնության հեղինակը «Շողակաթ» հեռուստաընկերությունն է, ֆինանսավորել է «Կաթոլիկ օգնության ծառայությունը» (CRS) եւ ICCO-ն: Ադրբեջանական կողմից ֆիլմի նկարահանումներն իրականացրել է «Ինտերնյուս-Ադրբեջան» հասարակական կազմակերպությունը:

«Ադրբեջանական կառավարությունը այնքան էլ չի խրախուսում իր քաղաքացիների մասնակցությունն այն ծրագրերում, որտեղ հայեր կան: Սակայն, Ինտերնյուսի «Խաչմերուկ» հեռուստածրագիրը մեծ դեր խաղաց, որ գործընկերներ գտնվեն Ադրբեջանից: Ադրբեջանից մեզ հետ համագործակցեցին պրոդյուսեր Իլհամ Սաֆարովը, ռեժիսոր Այազ Սալաեւը, սցենարի հեղինակ Էլջան Մահմեդովը»,- նշում է հայկական ֆիլմի ռեժիսոր Արա Շիրինյանը:

«Երկու կողմից էլ ծրագիրն իրականացվում է հավասարաչափ քայլերով. այսինքն՝ յուրաքանչյուր գործողություն համաձայնեցվում է եւ իրագործվում միաժամանակ. ինչ մենք ենք անում, նույնն էլ իրենք պետք է անեն՝ ֆիլմին նվիրված քննարկումները, կլոր սեղանները, ցուցադրումները եւ այլն»,- նշում է հայկական ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանը: Չի բացառվում նաեւ, որ հայ-ադրբեջանական համատեղ ջանքերով նկարահանվի նաեւ մեկ միասնական ֆիլմ: «Այս ֆիլմից բացի ունենք նաեւ 12 այլ ֆիլմերի թեմաներ, մտահղացումներ, որոնք եւս վերաբերում են հայ-ադրբեջանական հակամարտությանը: Անպայման ուզում եմ նշել. թեեւ ֆիլմը հակամարտության մասին է, սակայն քաղաքականացված չէ, միայն կենտրոնացել ենք մարդկային պատմությունների, հիշողությունների վրա», -ասում է Տիգրան Պասկեւիչյանը:

Երկու ֆիլմերում, ըստ հայկական կողմի ներկայացուցիչների, նմանություններ կան:

Ընդհանրությունները շատ են հատկապես այն հատվածում, որտեղ մարդիկ պատմում են իրենց հիշողությունների, հարեւանական կապերի մասին: Տարբերություններն առկա են ապագայի մասին մարդկանց կարծիքներում. հայերը խնդրի լուծումը պատկերացնում են խաղաղ ճանապարհով: Ադրբեջանցիները առաջ են քաշում փախստականների, տարածքների վերադարձման խնդիրները, խաղաղ լուծում չեն պատկերացնում: «Երկկողմ սպասողական, կախյալ վիճակ է. հայերն էլ, ադրբեջանցիներն էլ խոստովանում են, որ իրար սպանել են: Պետք չէ միմյանց խաբել. ոչինչ չենք գունազարդել, չենք ավելացրել, այլ ներկայացրել ենք այն, ինչ կա իրականում»,- ասում է ռեժիսոր Արա Շիրինյանը:

Մինչեւ ֆիլմերի ցուցադրումը, նախատեսվում է կազմակերպել կլոր սեղաններ, քննարկումներ, քանի որ, ըստ հեղինակների, ֆիլմը հնարավոր է միանշանակ չընդունվի:

Նարինե ԻՐԻՑՅԱՆ