«ԿԻԼԻԿԻԱ»-ն ԿՄՐՑԻ ԹԲԻԼԻՍԻԻ «ԴԻՆԱՄՈ»-ի ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի նախորդ առաջնությունում 5-րդ տեղ գրաված Երեւանի «Կիլիկիա»-ն հունիսին առաջին անգամ հանդես կգա եվրագավաթների խաղարկություններով` մասնակցելով Ինտերտոտոյի գավաթի 2006թ. խաղարկության առաջին փուլին:
Հունիսի 17-ին, Թբիլիսիում գտվող Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտում «Կիլիկիա»-ն կհյուրընկալվի Վրաստանի ամենատիտղոսակիր թիմին` «Դինամո»-ին: Վերջինս Վրաստանի առաջնությունում գրավել է ընդամենը 3-րդ տեղը եւ ձախողվել գավաթի խաղարկությունում, ուստի մասնակցելու է միայն Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը, որի 3 հաղթողները հնարավորություն են ստանում պայքարը շարունակել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: «Կիլիկիա»-ի երիտասարդ գլխավոր մարզիչ Սերգեյ Աղաբաբյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ «Դինամո»-ի հետ հանդիպումը, թիմը նախատեսել է տեղացի մի քանի փորձառու ֆուտբոլիստների հրավիրել, որոնք «Կիլիկիա»-ին պետք է օգնեն հաջող հանդես գալ 1-ին փուլում:
Նշենք նաեւ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլային ճանապարհները բազմիցս խաչվել են ակումբների եւ հավաքականների մակարդակով: Մասնավորապես նույն Թբիլիսիի «Դինամո»-ի հետ «Արարատ»-ը 90-ական թվականներին հանդիպել է Գավաթակիրների գավաթի խաղարկությունում եւ 2 հանդիպումների արդյունքում հաղթել 3:2 հաշվով: Հանուն արդարության նշենք, որ առաջին մրցավեճում «Դինամո»-ն հաղթել էր 4:2 հաշվով, սակայն վրացիներին 0:3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցվել չհայտավորված ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերելու համար: Պատասխան մրցավեճում «Դինամո»-ն Երեւանում հաղթեց 2:0 հաշվով, սակայն դուրս մնաց հետագա պայքարից: