Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՈՌԱՆԱԼ ՀԵՐՈՍՏՐԱՏԻՆ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՌԵԿՈՐԴԸ

Մշակույթ

Այս տարի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նշում է Գրիգորի Գորինի համանուն պիեսի բեմադրված «Մոռանալ Հերոստրատին» ներկայացման 30 տարին: Մայիսի 13-ին Դրամատիկական թատրոնի բեմից այն հանդիսատեսին կներկայանա 240-րդ անգամ:

Թատերագետ Լեւոն Մութաֆյանի խոսքերով, սա ռեկորդային ցուցանիշ է, քանի որ ոչ մի ներկայացում այնքան երկար չի ապրել հայ բեմում, որքան այս մեկը: «Սա աննախադեպ երեւույթ էր 70-ական թվականների լճացման ու ճգնաժամի տարիների համար, երբ ազատակամ որոշումները չէին գոտեպնդվում, խիստ էր գրաքննությունը:

Իսկ «Մոռանալ Հերոստրատին» ներկայացումը չարի, նրա հավերժության մասին էր եւ փորձում էր խոսել ժամանակի, իրականության հետ: Այդ տարիների գրաքննությունը թույլ չէր տալիս խոսել բաց տեքստով, իսկ երիտասարդ Խանդիկյանը հանկարծ ձեռնոց է նետում թատերական աշխարհին ու իբրեւ դիպլոմային աշխատանք, բեմադրում պիեսը: Ամբողջ ներկայացումը կառուցված է ենթատեքստերով»,- նշում է Լեւոն Մութաֆյանը:

Ականատեսների վկայությամբ, իրենք խորը հիասթափություն էին ապրել մոսկովյան թատրոնում պիեսի բեմադրությունից, որը խիստ ավանդական էր, նոր կրքեր, հույզեր չէր բերել եւ մոտ էր բնօրինակին: Հայաստանի դրամատիկական թատրոնում բեմադրված ներկայացումն աչքի էր ընկել գեղագիտական նոր սկզբունքներով՝ այլաբանությունների, խորհրդանիշների, ենթատեքստերի առկայությամբ, ինչն էլ առիթ էր հանդիսացել, որ ներկայացումը միանշանակ չընդունվի: Արմեն Խանդիկյանի համոզմամբ, մեր թատրոններում այսօր բացակայում է խորը իմաստը, ենթատեքստը եւ գնում ենք դեպի պարզունակություն:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն այն կարծիքին է, որ ներկայացումն ապրում է իր երկրորդ կենսագրությունն՝ արդեն դերասանական նոր կազմով, թեեւ գլխավոր դերում՝ Հերոստրատի կերպարը շարունակում է մարմնավորել ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:

Ներկայացումը ցուցադրվել է աշխարհի տարբեր քաղաքներում, եւ հիացմունքով ընդունվել հանդիսատեսի կողմից: «Նույնիսկ, երբ Գորինը դիտեց ներկայացումը, զարմացավ՝ ասելով. ինչ հիանալի ներկայացում էր, մի՞թե ես նման բան եմ գրել, ես չէի կարծում, որ նման հիանալի պիեսի հեղինակն եմ»,- հիշում է Վլադիմիր Մսրյանը: Նա նաեւ կոչ արեց երիտասարդությանը ավելի շատ հաճախել թատրոն եւ դիտել որակյալ ներկայացումներ: