Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտական հագուստի պես կրելու եմ ձեր խոսքերը բեմում». Ի. Մուկուչյան (տեսանյութ)

Հասարակություն
evratesil

«Եվրատեսիլյան բեմում այս տարի շեշտը դնելու ենք մոնտաժային ներկայացման վրա». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մրցույթում Իվետա Մուկուչյանի ելույթի մասին՝ ասաց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: «Երբ տեսնեք մեր բեմադրությունը, ձեզ մի պահ կթվա, թե դուք տեսահոլովակ եք դիտում, այնքան դինամիկ եւ հետաքրքիր գրաֆիկական եւ լուսային լուծումներ են լինելու»,-ասաց նա: Իվետա Մուկուչյանի խոսքով՝ ինքը չէր սպասում, որ «Եվրատեսիլ» մեկնելուց առաջ այսքան հանգիստ եւ հավասարակշռված կլինի. «Սպասում էի, որ իմ նյարդերը հասնելու են պիկին, բայց շատ հանգիստ եմ, բացարձակ լարված չեմ, եւ դա ամբողջ անձնակազմի պրոֆեսիոնալ եւ միասնական աշխատանքի արդյունքն է, ինչպես նաեւ ժողովրդի դրական վերաբերմունքի: Շատ շնորհակալ եմ այդ վերաբերմունքի, ջերմ խոսքերի համար: Մարտական հագուստի պես կրելու եմ այդ խոսքերն ու բարձրանալու եմ բեմ, այնպես որ՝ դուք բեմում եք լինելու ինձ հետ»: Ի դեպ, երգչուհին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների օրերին չեղյալ էր համարել իր եվրատեսիլյան ելույթները Ամստերդամում, սակայն որոշել էր ելույթ ունենալ Մոսկվայում՝ երգը նվիրելով սահմանում զոհված զինվորներին. «Մենք արդեն Մոսկվայում էինք, երբ այդ դեպքերը սկսվեցին, չեինք կարող չեղյալ հայտարարել համերգը, եւ ես ճիշտ գտա բարձրանալ բեմ եւ այդ կերպ բարձրաձայնել խնդրի մասին: Երգի խոսքերի մի հատվածը փոխեցի աղոթքով՝ նվիրելով սահմանին զոհված տղաներին: Բնականաբար, եվրատեսիլյան բեմում մեզ նման բան չենք կարող թույլ տալ, եւ որքան էլ քաղաքականությունը անթույլատրելի լինի այնտեղ, Մոսկվայի համերգից հետո շատերը հետաքրքրվում էին՝ ինչ է կատարվում մեզ մոտ, ինչ իրավիճակ է»,-նշեց նա: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթն այս տարի տեղի կունենա Ստոկհոլմում՝ մայիսի 10-14-ը: