Ահազանգ՝ Թալինի բժշկական կենտրոնից
«Ա1+»-ի խմբագրություն Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչներից մեկն ահազանգել էր՝ հայտնելով, որ իրենք գտնվում են Թալինի բժշկական կենտրոնի մանկական բաժնում, որտեղ սանիտարական վիճակը գտնվում է բավականին վատ վիճակում, առկա է ջրի և լույսի խնդիր. «Թերապևտիկ, մանկական և ինֆեկցիոն բաժինները միացված են իրար, կարող է իմ երեխան ևս վարակվի, ջուր չկա ահավոր պայմաններ են, եթե հիվանդ երեխա բերեն, բժիշկ չկա: Չեք պատկերացնի՝ ահավոր ա, առանց ջուր, առանց լույս 2 լամփուշկան ինչա, որ չեն գցում տուալետ ու խոհանոց»: Կապ հաստատեցինք բժշկական կենտրոնի հետ։ Մեր հարցմանն ի պատասխան գլխավոր բժշկի տեղակալ Ազնիվ Թորոսյանն ասաց, որ նման բան չկա. «Մեզ մոտ ջուր էլ, կա լույս էլ կա, այդ բողոքը չի համապատասխանում իրականությանը, հենց այս պահին էլ ջուրը կա, անգամ տաք ջուր ունենք, որովհետև էլեկտրական տեներ են միացված և' ծննդատանը, և' օպերացիոն բլոկում»: Փորձեցինք հստակեցնել, որ բողոքը մանկական բաժնից էր և գուցե աշխատողներն այնտեղ են թերացել, և ինֆեկցիոն հիվանդություններ ունեցողներից կարող է վարակը փոխանցվել մյուս երեխաներին ևս, սակայն նա հերքեց. «Ինֆեկցիոն հիվանդները երկուսն են, բայց դա դեռևս կանխավարկած է, դեռ ոչինչ չի հայտնաբերվել: Իսկ ինչ վերաբերում է ջրի խնդրին, մանկանան բաժանմունքում ջուրը տրվում է գրաֆիկային համակարգով՝ առավոտյան և երեկոյան ժամերին: Լույսի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել, լույս չի լինում միայն ուժեղ փոթորիկի ժամանակ, այդ պարագայում էլ «դվիժոկ» ենք միացնում»: