Մեր քաղաքում դատապարտված ենք գնդակահարության. «Դուրս մեր գրպանից» (տեսանյութ)
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ որոշել են առայժմ բողոքի ակցիաներ չիրականացնել՝ ընդդեմ արագաչափ սարքերի, կարմիր գծերի տուգանքների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք հայտարարեցին, որ առայժմ իրավական մակարդակում են շարունակելու իրենց պայքարն ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» եւ «Փարքինգ սիթի» ընկերությունների: «Սահմանային լարվածությունը հաշվի առնելով՝ կոչ ենք անում իշխանություններին ժամ առաջ վերանայել ճանապարհային տեսանկարահանող սարքերի առկայությունը, տուգանքների չափը, իսկ տուգանքներից գոյացող գումարն ուղարկել պաշտպանության նախարարություն: Մեզ զենք է պետք, ինչքան ոգեղենություն ունենանք, երբ զենք չունենք, ազերին ոգեւորվում է»,-ասաց նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը՝ շարունակելով. «Երեւան-Գորիս, Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին աշխատում են արագաչափ սարքեր, բայց չէ՞ որ մարդիկ փամփուշտ են հասցնում սահման, այն սահման, որտեղ մեր զինվորները բահով ու ձեռնամարտով էին կռվում թուրքի դեմ, որովհետեւ փամփուշտ չկար»: Նախաձեռնության անդամները պարզել են, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետմ պայմանագիր է կնքված մինչեւ 2037 թվականը: «21 տարի մենք դատապարտված ենք սնայպերի նման մեզ մեր քաղաքի ներսում ուղղակի գնդակահարելու : Ոչ ոք մեղավոր չէ, որ Թամանյանն այս քաղաքը գծագրել է 100 հազար բնակչության համար, եւ այս փողոցները բավականին նեղ են: Բերել են, քաշել են հոծ գծեր, 15 հատ տեսախցիկ են շարել: Ամեն անգամ նոր տեսախցիկ ես նկատում: Թիրախավորել ու մորթազերծ անել այս ժողովրդին չի կարելի»,-եզրափակեց Արսեն Պետրոսյանը: