Արցախում հնարավոր չէ պահպանել ստատուս քվոն. Դավութօղլու
«Արցախում հնարավոր չէ պահպանել ստատուս քվոն, մենք դա այսօր տեսնում ենք»,- ԵԽԽՎ լիագումար նիստում այսօր հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա հայտարարեց, թե պետք է հայերին զգուշացնել, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները, քանի որ արդյունքում զոհվում են ոչ միայն զինվորներ, այլեւ քաղաքացիական անձինք: Դավութօղլուն խոսելով սահմանային լարվածության մասին՝ հիշատակեց նաեւ Նախիջեւանը: Նա նաեւ անդրադարձավ Ղրիմին՝ անվանելով այն օկուպացված տարածք. «Բռնակցման արդյունքում Ղրիմում ապրող բազմաթիվ թաթարներ ստիպված հեռացան այդտեղից: Դա անընդունելի է»,- նշեց Դավութօղլուն: Թուրքիայի վարչապետին հարց ուղղեցին, թե ինչպես է իր երկիրը պատրաստվում անդամակցել ԵՄ-ին, երբ մարդու իրավունքները Թուրքիայում բազմիցս խախտվում են։ Հարցից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին: Դավութօղլուն չհամաձայնեց՝ հակադարձելով. «Մեր երկրում ընտրություններ են եղել, բոլորը կարողացել են խոսել, արտահայտվել: Եկեք վերցնենք Թուրքիայի ամենակարդացվող ու վաճառվող թերթերը, դրանք ընդդիմությանն են պատկանում, այդտեղ նրանք քննադատում են նախագահին, վարչապետին, ոչ ոք իրենց մատով ցույց չի տալիս»: Ահմեդ Դավութօղլուն անդրադարձավ նաեւ քրդերին ու վստահեցրեց, որ իր երկրում ոչ մի խտրականություն նրանց հանդեպ չկա. «Անգամ իմ ղեկավարած պալատում էթնիկ քրդեր կան»,- հավելեց նա: Նա հորդորեց բոլորին ոչ թե տրվել բացասական քարոզչությանը, այլ մեկ անգամ այցելել Թուրքիա: Հիշեցնենք, այս ելույթի ընթացքում ԵԽ –ի շենքի մոտ ակցիան էին իրականացնում քրդերը, որոնց մի մասն այստեղ էր եկել Գերմանիայից : Նրանք մեղադրում են Թուրքիայի իշխանություններին` ֆաշիստական նկրտումների համար։