ՄԵԾ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 26-30-ը կանցկացվի ՀՀ հեծանվային սպորտի բազմօրյա խճուղային հեծանվավազքի հանրապետական առաջնությունը: Նման առաջնություն անցկացվում է յուրաքանչյուր տարի, որին մասնակցում են հանրապետության ուժեղագույն մարզիկները: Այս տարի առաջնությանը մասնակցում է 19-23 տարեկան 40 մարզիկ:
Մասնակցելու հնարավորություն տրվել է նաեւ 17-18 տարեկան լավագույն արդյունք ցուցաբերած մարզիկներին, ինչը կարեւոր է փորձի հարստացման համար: Առաջնությանը մասնակցում են մարզիկներ ողջ հանրապետությունից: 5 օրվա ընթացքում մարզիկներն ընդհանուր առմամբ կհաղթահարեն 400կմ տարածություն: Նրանք կմրցեն ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ձեւերում: Հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով եւ դրամական մրցանակներով:
Առաջին օրվա առաջատարների անուններն արդեն հայտնի են: Ապրիլի 26-ին 7 կմ անհատական մեկնարկի ընթացքում առաջին տեղը գրավել է հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոցի սան, միջազգային տեխնիկական կենտրոնի անդամ, Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսանող Սերգեյ Սարգիսովը, որի արդյունքը 16րոպե 17 վայրկյան էր: Երկրորդ տեղն է գրավել հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոցի սան, միջազգային տեխնիկական կենտրոնի անդամ, Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսանող Էդգար Գեւորգյանը, ով ցուցաբերել է 16րոպե 45 վայրկյան արդյունք: Երրորդ տեղում է սպորտային օլիմպիական հերթափոխի քոլեջի սան, հեծանվային սպորտի օլիմպիական մարզադպրոցի սան, միջազգային տեխնիկական կենտրոնի անդամ Դավիթ Մկրտչյանը, ով ցուցաբերել է 17րոպե 40 վայրկայն արդյունք: