Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնության դեպք՝ հայ-ռուսական հարաբերություններում (տեսանյութ)

Քաղաքականություն
mediakentron

Ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը Ադրբեջանի հրահրած քառօրյա պատերազմից։ Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայի շուրջ խոսեցին քաղաքագետները։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն առանձնացրեց մի քանի այդպիսի դաս. «Առաջին դասն այն է, որ բավականին քիչ լծակներ գոյություն ունեն, որոնք կարելի է  գործադրել՝ թույլ չտալու համար Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները։ Երկրորդը՝ հասկացանք, որ Ադրբեջանը նոր ռազմավարություն ունի՝ գրավել եւ պահել նոր տարածքներ։ Երրորդն արդեն մեր ներքաղաքական խնդիրների հետ է կապված։ Հասարակության կոռումպացվածությունը եւ թափանցիկության բացակայությունն ավելի շատ են վտանգում մեր պետությանը։ Իսկ չորրորդ դասը Ռուսաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ, այսպես ասած, դավաճանությունն է»,-ասաց նա։ 5-րդ քայլն էլ պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը՝ վերանայելով հայ-ռուսական հարաբերությունները. Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ այդ հարաբերություններում ճգնաժամ կա եւ այն պետք է գնահատվի: «Խոսքը չի գնում արեւմտամետ կամ ռուսամետ լինելու մասին, խոսքը գնում է հայամետ դիրքորոշման մասին, ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը չպետք է հեշտությամբ զիջվի արտաքին ուժերի շահերին»,- ասաց Կիրակոսյանը՝ նկատելով, որ եթե դիտարկենք հայ-ռուսական «ամուսնությունը», ապա այստեղ ընտանեկան բռնության դեպք է գրանցվել: Բանավեճին ներկա՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով էլ Ադրբեջանը մի քանի քառակուսի մետր տարածք վերցնելով՝  կարողացավ շահել իր հասարակության վստահությունն ու աջակցությունը։ «Ադրբեջանը սպառազինությունների առումով ունի առավելություն, եւ դա մաքսիմալ ձեւով փորձել է օգտագործել գործողությունների սկսման առաջին իսկ օրվանից։  Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է դաս քաղեն սրանից եւ փորձեն կարճ ժամկետում վերանայել թե ՛մեր պաշտպանական, թե՛ արտաքին քաղաքականության համակարգերը»,-նշեց նա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա քաղաքագետի կարծիքով, այն նույնպես պետք է դասեր քաղի եղածից. «Այն իրավիճակը, որը ստեղծվեց, սառը ցնցուղ էր Ռուսաստանի համար։ Կարծում եմ, որ գոնե Ռուսաստանում հասկանում են, որ եթե Հայաստանը ի վիճակի չլինի պատշաճ մակարդակով ապահովել ԼՂՀ անվտանգությունը եւ զարգացումը, ապա ընդհանրապես զրկվում է ամբողջ իմաստը հայ-ռուսական ռազմաքաղաքական, ռազմավարական հարաբերությունների»։