Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը միանձնյա առաջատար է

Սպորտ
sport-chess-2

Հայաստանի շախմատիստները հաջող են հանդես գալիս Աբու Դաբիում մեկնարկած շախմատի համաշխարհային ունիվերսիադայում: Ուսանողուհիների մրցաշարում հայտավորված Մարիա Գեւորգյանը չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ բաժանում է 2-3-րդ տեղերը: Հայաստանի այս տարվա չեմպիոնն առայժմ կես բալով ետ է մնում իրանցի Ղազալ Հակիմիֆարդից: Այսօր երեկոյան նախատեսված 5-րդ տուրում Մարիա Գեւորգյանը սպիտակներով կմրցի հենց միանձնյա առաջատարի հետ: Ուսանող շախմատիստների մրցաշարում գերազանց է մեկնարկել մեր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը տարել է չորս անընդմեջ հաղթանակ եւ 4 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Հինգերորդ տուրում նա սեւերով կխաղա լեհ Դանիել Սաձիկովսկու հետ: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը իր ակտիվում ունի 3 միավոր եւ այժմ բաժանում է 4-12-րդ տեղերը: Նրա առաջիկա մրցակիցը Ալժիրից է: Մեր երրորդ մասնակիցը՝ միջազգային վարպետ Տիգրան Ս: Պետրոսյանը, չորս տուրից հետո վաստակել է 2,5 միավոր եւ զբաղեցնում է 13-րդ տեղը: Այսօր նա կհանդիպի իրանցի Ամիրեզա Պուրամեզանալիի հետ: