Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորների համար իրերի 3-րդ խմբաքանակն է հավաքվում (տեսանյութ)

Հասարակություն
purak

Այսօր Մաշտոցի պուրակում սահմանում ծառայող զինվորների համար առաջին անհրաժեշտության իրերի երրորդ հավաքն է սկսվել: «Ա1+»-ի հետ զրույցում «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը նշեց, որ իրերի առաջին խմբաքանակը կամավորների մեքենաներով է հասցվել Արցախ, երկրորդ խմբաքանակը՝ ԱԻՆ-ի տրամադրած մեքենաներով: «Տեղեկացանք, որ երկրորդ խմբաքանակն այսօր արդեն դուրս է եկել Ստեփանակերտից եւ շարժվել դեպի սահման, իսկ այսօրվանից սկսած՝ երրորդ խմբաքանակն ենք հավաքում: Տեսնենք՝ քանի օրում կհավաքենք»,-ասաց նա՝ հավելելով, որ ակցիան այսօր կշարունակվի մինչեւ ժամը 18:00-ն: Մեր հարցին, թե այս պահին որոնք են ամենաանհրաժեշտ իրերը սահմանին, Տիգրան Մարտիրոսյանը նշեց. «Մենք տեղեկացանք, որ հիմա ավելի շատ անհրաժեշտ են քնապարկեր, որպեսզի մեր զինվորները, կամավորները տեղում կազմակերպեն իրենց քունը, ջրի մեծ տարաներ, չփչացող սնունդ եւ առաջին անհրաժեշտության այլ իրեր»: Ակցիայի մասնակիցներից Հեղինե Այվազյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության մասին հեռուստացույցով է տեղեկացել. «Ցանկացա իմ լուման ներդնել այս սուրբ գործին: Բերել եմ տղամարդու տաք հագուստ, երեւի պետք կգա: Իմ ցանկությունն այն է, որ ամեն ինչ վերջանա, խաղաղություն լինի, բայց չեմ կարծում, որ այդքան շուտ կվերջանա, մտահոգ ենք շատ»,-ասաց նա: