«Մեզ ամեն անգամ ստիպում են զենք բարձրացնել» . Ս. Ռոստոմյան (տեսանյութ)
«Աստծո կամքով միշտ պահպանվել ենք ու կպահպանվենք, քանի որ մեր խնդիրը բարձր մշակույթ ստեղծելն է, ոչ թե մեկից մի բան խլելը» Այս խոսքերով հյուրերին դիմավորեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Մտավորականները հրավիրվել էին Բյուրականի արվեստի ակադեմիա՝ հիմնադրման առաջին ամյակը նշելու։
«Այսօր մեր տրամադրությունը կախված է մեր Արցախի, մեր ընդհանուր ցավի մտահոգությամբ: Ցավոք, մեր այսպես կոչված հարևանի հետ այդպես էլ մարդկային լեզու չգտանք, միակ տարբերակը զենքն է, որ մեզ ամեն անգամ ստիպում են բարձրացնել: Մենք մեր երկրի, մեր հողերի տերն ենք: Մեր օրհնությունը հղենք մեր քաջ զինվորներին, որ կռիվ են տալիս սահմանի վրա»,- ասաց Ռոստոմյանը։
Բյուրական արվեստի ակադեմիայի պատվավոր հյուրն էր Բրյուսելի «Բոզաղ» արվեստների պալատի նախագահ և գեղարվեստական ղեկավար Պոլ Դյուժաղդենին։ «Բոզաղը, ասաց պարոն Դյուժաղդեն, ոչ միայն մշակութի տուն է, այլև հանդիպման հարթակ տարբեր մշակույթների և աշխարհների միջև:
Հրավիրել միայն լավագույններին, որոնց ներկայությունը աշխարհի ցանկացած համերգասրահում արդեն իսկ երաժշտական տոն է: Սա «Երևանյան հեռանկարների» սկզբունքն է։
Առաջին անգամ Հայաստանում դաշնամուրային բացառիկ համերգով հանդես կգա ռուս աշխարհահռչակ դաշնակահար և դիրիժոր Միխայիլ Պլետնյովը, անգլիացի վիրտուոզ էքսցենտրիկ ջութակահար Նայջլ Քենեդին, Ելիզավետա թագուհու սիրելի «The King's Singers» վոկալ խումբն ու Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Մոնտեվերդի երգչախմբի հետ՝ աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիների ղեկավարությամբ:
Բյուրականի ակադեմիայում Վարպեության դասեր են անցկացնելու հանրահայտ երաժիշտներ, բարիտոն՝ Վլադիմիր Չերնովը, ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետը, դաշնակահար Բորիս Բերեզովսկին: Հեռանկարների այս տարվա առաջին համերգը նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին կկայանա ապրիլի 23-ին: 50 հոգուց բաղկացած Էստոնիայի տղամարդկանց երգչախումբը, որը Եվրոպայի լավագույններից է, ելույթ կունենա Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամը 23:00-ին:
Իսկ ապրիլի 26-ին կնշեն փառատոնի 15-ամյակը հոբելյանական մեծ համերգով:
