«Նորմա»-ն կներկայացվի հայ հանդիսատեսին (տեսանյութ)
Գեղամ Գրիգորյանի ծրագրերից ևս մեկը իրականություն կդառնա: Ապրիլի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին կներկայացվի Բելինիի գլուխգործոցը՝ «Նորմա» օպերան: «Նորմայի» առաջին բեմադրությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում 1975-ին էր, և տասնամյակներ հայ հանդիսատեսին հիացրել է Նորմայի դերում Գոհար Գասպարյանի բելկանտոն։ Բեմադրությունը, սցենոգրաֆիան և լուսային ձևավորումը՝ Բորիս Հայրապետյանինն է, ով այն բեմադրել էր դեռևս 2001-ին, և անգամ ֆիլմ-օպերա էր նկարահանել Հասմիկ Պապյանի և Գեղամ Գրիգորյանի մասնակցությամբ: «Լավագույն հիշողություններ են ինձ կապում Գեղամ Գրիգորյանի հետ,- ասաց բեմադրության դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն,-Նա ոչ միայն հզոր երգիչ էր, այլև հզոր արտիստ էր, հզոր գիտելիքների տեր: Նա ինձ շատ բան տվեց»: Գեղամ Գրիգորյանի համար բելկանտոն օպերային արվեստի հիմնաքարն էր, և նրա երազանքն էր հայ բեմում իրականացնել իտալական օպերային արվեստի լավագույն գոհարները: Թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի խոսքով, Գեղամ Գրիգորյանի հիշատակին կնվիրվի ոչ միայն այս ներկայացումը, այլև տարվա բոլոր պրեմիերաները: Ինչ վերաբերում է, թե ով կլինի օպերայի գեղարվեստական ղեկավարը, Անդրանիկ Արզումանյանը պատասխանեց, որ մարդկայնորեն ճիշտ չէ նման հարց քննարկել, երբ դեռ անփոխարինելի կորստից ընդամենը մեկ շաբաթ է անցել: