«Ուրախ եմ, որ Զախարյանի երեսն էլ չեմ տեսնելու» (տեսանյութ)
«Դավիթ Հարությունյանը, որ ժամանակին օրենք ստեղծեց, որ մարդկանց շպրտեն փողոց, այսօր ուզում եմ, որ օրենք ստեղծի, որ ոչ մի հայաստանցու, երևանցու տուն չքանդվի, մինչև այդ մարդուն բնակարանով չապահովեն»,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից Սաթենիկ Դավթյանը։ Նա մեկ տասնյակից ավելի քաղաքացիների հետ եկել էր Կառավարության շենքի մոտ՝ պահանջելու իր բնակարանը։
«Իրենք այսօր ապրում են իրենց դղյակներում, իսկ մենք փողոցից փողոց ենք ընկել։ Ինձ փողոց են շպրտել Երվանդ Զախարյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Ես ուրախ եմ, երջանիկ եմ, որ այդ մարդու՝ Զախարյանի երեսը Կառավարության նիստին էլ չեմ տեսնելու։ 12 տարի է՝ փողոցում եմ նրանց պատճառով։ Ես այսօր ծերանում ու մահանում եմ..։ Ատում եմ իրենց բոլորին»,-զայրացած շեշտեց նա։
«127 քառ մետրանոց մեր բնակարանի դիմաց 100 քառ մետրանոցի համար ենք պայմանագիր կնքել։ 2 տարի պետք է վարձով մնայի, հետո տային։ Կեսից պայմանագիրը չեղյալ հայտարարեցին»,-պատմեց մեկ այլ բնակիչ՝ Վալյա Հարությունյանը։
Նա հույս ունի, որ գոնե Կառավարությունում վերջապես ականջալուր կլինեն իրենց օրինական պահանջին։ «Էդվարդ Թախունցը, որ այս գործի մեջ է, ասում է՝ օրենքը գրպանումս է, իմ թիկունքին լավ մարդիկ կան։ Եվ իրոք նա դա ապացուցեց դատարաններում։ Նա Բաքվից եկավ ու միլիարդատեր դարձավ մեկ տարվա մեջ ու ոչ ոք չասաց՝ տղա ջան, այդ որտեղի՞ց»։
Տուժած բնակիչներից մեկը փորձեց մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին։
Նշենք, որ Հյուսիսային պողոտայից դուրս եկած մոտ 15 բնակիչ դեռ անտուն է։
