Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազը չի ներկայացել օֆշորի գործով դատավարությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
paylak-hayr

Ունեզրկված գործարար  Փայլակ Հայրապետյանը իր եւ Աշոտ Սուքիասյանի պատմությունը շատ է նմանեցնում Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադին: «Որ մորթին տալիս է, հետո գդակը չի լինում:  Ես իմ մորթին  տվել եմ, երբ է գդակը լինելո՞ւ: Ինքը ծիծաղում էր, ասում է կլինի, ինչո՞ւ ես շտապում»,-  հայտարարեց  Փայլակ Հայրապետյանը: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախատեսվում էր լսել Աշոտ Սուքիասյանի ցուցմունքը: Սակայն գործով մեղադրողը չէր ներկայացել, եւ դատավորը ստիպված նիստը հետաձգեց: Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, նաեւ չարամտորեն առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու մեջ: Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ Գործարարն այսօր էլ է մնում այն կարծիքին, որ այս ամենի հետեւում կանգնած են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ուստի դատարանում պետք է հարցաքննվեն. «Եթե տեղյակ չեն, թող գան, դատարանում ապացուցեն, որ տեղյակ չեն»։ Աշոտ Սուքիասյանը, սակայն,  նախորդ նիստերից մեկում նշել է, որ ինքն է կեղծել նախկին վարչապետ եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները. «Սուտ է խոսում: Վկան ասեց, որ Կճոյանը եղել է Կիպրոսում, վարչապետի անձնագրի պատճեն է եղել այնտեղ, միասին են ձեռնարկությունները բացել»,- ավելացրեց գործարարը: Փայլակ Հայրապետյանն իր  ողջ ունեցվածքը  առանց հետագա պարտավորությունների եւ պայմանագրի տրամադրել է Աշոտ Սուքիասյանին՝ Հայաստանում ադամանդագործության բիզնես սկսելու համար։ Գործով դատական նիստը կշարունակվի ապրիլի 7-ին: