Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳՐԱՆ ՊՐԻ»-ն ԿԽԱՂԱՐԿՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սպորտ

Ձյուդոյի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշար` «Գրան Պրի»-ն, 2007թ. հոկտեմբերին անցկացվելու է Երեւանում: Այսօր այս մասին հայտարարեց ձյդոյի Եվրոպական միության ռումինացի նախագահ Մարիուս Վիզերը, որը հատուկ հրավերով գտնվում է Հայաստանում. «Ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Հայաստանի, ձեր ձյդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ավետիսյանի հետ եւ միշտ ուրախանում եմ հայ մարզիկների հաջողություններով: Երբ անցած տարվա Եվրոպայի առաջնությանը 60կգ քաշային կարգում հաղթեց հայ մարզիկը (Արմեն Նազարյանը- խմբ.), անսահման ուրախացա»:

«Գրան Պրի» մրցաշարը ձյդոյում անցկացվելու է 2-րդ անգամ, իսկ առաջինը տեղի է ունեցել Մոսկվայում: Այս մրցաշարին մասնակցում են միայն Եվրոպայի, Աշխարհի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոններն ու մրցանակակիրները: Հայաստանը որպես կազմակերպիչ 2007թ. խաղարկությունում յուրաքանչյուր քաշային կարգում կունենա մեկական մարզիկ: Մրցաշար անցկացնելու համար կծախսվի 250 հազար դոլար, այդ թվում 100 հազար մրցանակային հիմնադրամը:

Մարիուս Վիզերի կարծիքով «Գրան Պրի»-ն զգալիորեն կնպաստի ձյդոյի զարգացմանը Հայաստանում. «Դուք արդեն ունեք լավ կադրեր եւ առաջընթացի համար անհրաժեշտ է նման խոշոր մրցաշար, որպեսզի պատանիները տեսնեն ամենաուժեղներին եւ իրենք էլ ձգտեն լավ արդյունքների»: Ի դեպ, Վիզերը Հայաստանի ձյդոյի ֆեդերացիային է նվիրել 1000 հատ կիմանո (ձյդոյի մարզահագուստ), եւ ասուլիսին ներկա ձյուդոյի մարզիչներին խնդրանքին ընդառաջ խոսք տվեց նրանց համար ամռանը Երեւանում անցկացնել սեմինար բարձրակարգ մասնագետի մասնակցությամբ, որը կփորձի բարելավել հայ մարզիչների գիտելիքները: