Ստեղծենք մեր հայկական կրթական տեսակը. նախարար (տեսանյութ)
Այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Դպրոց-կենտրոնների միության» անդամ դպրոցների տնօրենները հանդիպում ունեցան կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Մինչ հանդիպումը նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ որոշել են վեր հանել յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրները եւ քննարկել դրանք հենց տվյալ ոլորտի ներկայացուցիչների հետ: Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ հանրակրթական ոլորտի խնդիրներից է ավագ դպրոցը: Ապա նախարարը հանդես եկավ ելույթի խոսքով, որում նշեց հանրակրթական ուսուցման բարելավման իր տեսլականը: Նախարարի խոսքով՝ նա բացառում է պատժիչ մեթոդներն ու առաջարկում ստեղծել զուտ հայկական կրթական համակարգ. «Ես բազմիցս ասել եմ, որ չկա միջազգային կրթություն: Կա ֆրանսիական, գերմանական, անգլիական, ռուսական կրթություն, կան միայն միջազգային չափորոշիչներ: Կամ մենք պետք է ստեղծենք մեր հայկական կրթական տեսակը, կամ էլ ընտրենք վերը նշված կրթական համակարգերից որեւէ մեկը»,-ասաց նա: Լեւոն Մկրտչյանը նշեց, որ կրթական համակարգում երեք կարեւոր դերակատարներ է տեսնում՝ սովորող, դպրոց եւ ծնող: Ըստ նրա՝ այս երեքից է կախված երեխայի ճիշտ կրթությունը: