ՊԱՏԱՆԵԿԱՆԸ ԿՄՐՑԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես հայտնի է այս տարվա աշնանը Երեւանում է անցկացվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մինչեւ 17 տարեկանների ընտրական փուլի խմբային մրցաշարը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատանեկան հավաքականը:
Նշենք, որ հանդիպումները անցկացվելու են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում եւ վերակառուցման ընթացքում գտնվող «Նաիրի» մարզադաշտում: Ի դեպ, «Հանրապետական»-ում է անցկացնում իր հանդիպումները նաեւ Հայաստանի ազգային հավաքականը եւ սա բացառիկ երեւույթ է, երբ 17 տարեկանների հավաքականին նման լուրջ վերաբերմունք է ցուցաբերվում:
Օրերս ՈՒԵՖԱ-ի «Հեթ տրիկ» ծրագրի մենեջեր պարոն Բրունո Վոլֆիսբերգը Հայաստանում մանրակրկիտ ուսումնասիրել է, թե ինչպիսի պայմաններ կան այստեղ եւ համապատասխան նշումներ կատարել, որոնք փոխանցելու է ՈւԵՖԱ-ին: Վոլիսբերգն արդեն մի քանի անգամ տարբեր ծրագրերի շրջանակներում ժամանել է Հայաստան եւ որոշակիորեն ծանոթ էր մեր ֆուտբոլային ենթակառուցվածներին: Այս անգամ նա այցելել է հյուրանոցներ, մարզադաշտեր եւ բարձր է գնահատել նախապատրաստական աշխատանքները:
Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշար Հայաստանում եւս մեկ անգամ անցկացվել է 2002թ. մարտին Արարատի «Այգ» մարզաբազայի խաղադաշտում: Այն ժամանակ Հայաստանի հավաքականը պարտվեց ոչ ուժեղ Մալթայի եւ Մոլդովայի հավաքականներին: Բացի այդ Մոլդովայի հետ խաղի ժամանակ մարզադաշտից նետված իրով վնասվեց մոլդովացիների գլխավոր մարզչի դեմքը, ինչը բնականաբար ՈւԵՖԱ-ի կողմից բացասական գնահատականի արժանացավ եւ նախորդ տարիներին Հայաստանին որպես կանոն ՈւԵՖԱ-ն թույլ չէր տալիս մրցաշարեր կազմակերպել սեփական հարկի տակ: