ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԿԼԻՆԻ ՎՐԱՍՏԱՆԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացել է 2006թ. Ինտերտոտոյի գավաթի խաղարկության վիճակահանությունը, որի արդյունքում հունիսին հայկական ակումբներից որեւէ մեկը հանդիպելու է Վրաստանի ներկայացուցչի հետ:
Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում Հայաստանը ամենայն հավանականությամբ կներկայացնի Երեւանի «Կիլիկիա»-ն, որը նախորդ առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: Ներկայումս «Կիլիկիա»-ն լավ օրեր չի ապրում եւ Հայաստանի գավաթի խաղարկությունում միայն 11 մետրանոց հարվածների շնորհիվ կարողացավ հաղթահարել «Բանանց-2»-ի արգելքը: Ի դեպ, «Կիլիկիա»-ի գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը վերջերս հեռացվել է իր պաշտոնից, իսկ նրա պարտականություններն առայժմ կատարում է 23 ամյա Սերգեյ Աղաբաբյանը:
Եթե «Կիլիկիա»-ն հաղթի Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում, ապա Ինտերտոտոյի գավաթում հանդես կգա նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Բանանց»-ը, սակայն այս տարբերակը քիչ հավանական է:
Առայժմ հայտնի չէ նաեւ, թե որ ակումբն է ներկայացնելու Վրաստանը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Վրաստանի «ֆուտբոլային ճանապարհները» վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ խաչվել են: Դրանցից վերջինն անցած տարի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1-ին փուլում «Բանանց»- «Լոկոմոտիվ» դիմակայությունն էր, որտեղ առավելության հասան հայ ֆուտբոլիստները:
2006թ. Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբի մրցակիցը կլինի Ավստրիայի ներկայացուցիչը: Մրցաշարը մեկնարկելու է հունիսի 17/18-ին: