Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առևտրականները հնարավորություն չունեն գնալու Թուրքիա»

Հասարակություն
tonavajar-nkar

«Մալաթիա» տոնավաճառում վաճառքն ավելացնելու նպատակով հնարավոր է յուրաքանչյուր ամսվա 1-ը և 15-ը զեղչային օրեր հայտարարվեն։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց վաճառողներից մեկը։ «Դա տնօրենի առաջարկությունն է, դեռ վերջնական որոշված չի։ Բայց կարծում եմ, որ այս տարբերակը լավ կաշխատի։ Եթե դա լինի, այն ապրանքը, որն օրինակ վաճառում ենք 15.000 դրամով, կվաճառենք 10.000-ով»,-նշեց Արթուրը։ Վերջերս կազմակերպված բողոքի ակցիայի արդյունքում տոնավաճառի տնօրենը որոշում էր կայացրել իջեցնել տարածքների վարձավճարի չափը 20.000 դրամով։ «Ես իմ տարածքի համար 145.000 դրամ էի վճարում, այժմ 125.000»,-ասաց մեր զրուցակիցը։ Նա «Մալաթիա»-ում տղամարդու և կանացի կոշիկ է վաճառում՝ տեղական արտադրության։ Իսկ հագուստ վաճառողների դեպքում, ըստ նրա՝ խնդիրներն ավելի շատ են, քանի որ Թուրքիայից են ապրանքը բերում։ «Հիմա իրենք հնարավորություն չունեն գնալու Թուրքիա, որ նոր ապրանք բերեն ու ստիպված վաճառում են հին, վաղուց մնացած ապրանքը։ Բոլորս էլ մեր ապրանքը վաճառում ենք համարյա ինքնարժեքով։ Օգուտ շատ քիչ է մնում, հազիվ կարողանում ենք մեր ընտանիքը պահել։ Միայն կանանց տոնի հետ կապված ամսի 8-ին մի փոքր շարժ եղավ»,-շեշտեց նա։ Նշենք, որ տարածքի վարձավճարի չափով պայմանավորված, չնայած մի փոքր իջեցմանը, որոշ վաճառողներ, այնուամենայնիվ, լքել են տոնավաճառը։