Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա Երևանում ՝ ի պաշտպանություն Նադեժդա Սավչենկոյի (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-nkar

Ռուսական  բանտում պահվող ուկրաինական բանակի սպա, Գերագույն ռադայի պատգամավոր  Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու  պահանջին  միացան  նաեւ  Հայաստանում։ Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացվեց։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նշում է.  «Այսօր ամբողջ աշխարհի առաջ խիզախ կին, հայրենասեր, ազատամարտիկ, ուկրաինայի սպա Նադյա Սավչենկոն դատվում է խայտառակ պայմաններում»։ Ակցիայի մասնակից Լիլյա Մարգարյանը յուրահատուկ մոտեցում ունի հարցի շուրջ. «Կին եմ, այսօր մարտի 8-ն է, ասում են՝ տոն է, ես այդ տոնը չեմ ընդունում, հուսամ, որ այս տոնը ինձ համար կխորհրդանշի ազատ մտածող կնոջ ազատագրումը»։ Նադեժդա Սավչենկոյին  սպառնում է  23 տարվա ազատազրկում։   34-ամյա օդաչուն ռուսական բանտում է հայտնվել 2014 թվականի հուլիսից՝ «Ռոսսիա» պետական հեռուստաընկերության երկու լրագրողի սպանության մեջ ներգրավված լինելու և սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով։ Սավչենկոն մեղադրանքը համարում է անհիմն՝ հայտարարելով, որ ռուս անջատողականներն իրեն առևանգել են։ «Պատկերացրեք, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դիվերսիոն խումբը առևանգի հայ սպային տանի Ադրբեջան և դատի՝ հայրենիքը պաշտպանելու համար»,- ասում է Տիգրան Խզմալյանը։ Մարտի 3-ից Սավչենկոն հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել՝  պնդելով, որ   դատավարության ընթացքում խախտվել են իր  բոլոր իրավունքները։ «Ենթադրյալ հանցագործությունը, որում մեղադրվում է Սավչենկոն, տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում, ընդ որում՝ այն տարածքում, որը նաև Ռուսաստանի պաշտոնական տեսակետով է Ուկրաինայի տարածք է։ Որևիցէ լիազորություն Ռուսաստանի դատարանը դատելու չունի» ,- նշում է Դանիել Իոաննիսյանը։ Ակցիայի մասնակից Եվգենի Սեվիլյանն ավելացնում է. «Անհեթեթ, աբսուրս իրավիճակ է, իմ պատկերացմամբ՝ ինչ-որ տեղ ինքն այսօրվա Ուկրաինայի Ժաննա Դ՛ Արկն է»։ ԱՄՆ  եւ ԵՄ պաշտոնյաներն իրենց  մտահոգությունն են  հայտնել  Սավչենկոյին  վիճակի համար եւ   կոչ արել ազատ արձակել նրան։ Ռուսական իշխանությունները թույլատրել են ուկրաինացի բժիշկներին մարտի 9-ին նրան այցելել։ Նույն օրը նշանակված է նաեւ գործով հաջորդ դատական նիստը։