Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի խաղը կդիտեն 208 երկրում

Սպորտ
heno

Այսօր Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» կատարմամբ տեղի կունենա հերթական DerKlassiker-ը: Այն թվով 94-րդն է: «Բավարիան» առայժմ մեծ առավելություն ունի «Բորուսիայի» նկատմամբ՝ 42 հաղթանակ 23-ի դիմաց, գնդակները՝ 175-116: Ընթացիկ մրցաշրջանում երկու թիմերն էլ ֆանտաստիկ արդյունավետություն են ցույց տալիս: «Բորուսիան» ու «Բավարիան» միասին արդեն խփել են 194 գոլ (103+91): Կողմերը չեն կարողացել գրավել մրցակիցների դարպասը միայն երեք խաղերում: «Բորուսիան» տարել է 12 խոշոր հաշվով հաղթանակ, իսկ «Բավարիան»՝ 13: Ընթացիկ առաջնության առաջին շրջանում թիմերի միջեւ կայացած հանդիպումն ավարտվել էր մյունխենցիների խոշոր հաղթանակով՝ 5:1, որն էլ առավելություն է տալիս նրանց այդ ցուցանիշով: Այդ խաղից հետո կողմերը Բունդեսլիգայում անցկացրել են 16-ական հանդիպում: «Բավարիան» դրանցում կորցրել է 10, իսկ «Բորուսիան»՝ 8 միավոր: Այժմ թիմերին բաժանում է ընդամենը 5 միավոր: Եթե դորտմունդցիները ռեւանշի հասնեն մյունխենցիների նկատմամբ, ապա պայքարն առաջին տեղի համար ավելի կսրվի, իսկ հակառակ դեպքում չեմպիոնական մրցավազքը կկորցնի հետաքրքրությունը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Բորուսիայի» այս խաղի նախնական կազմում: Գերմանական լրատվամիջոցները հարցազրույցներ են անկացրել մեր ֆուտբոլիստի հետ, քանի որ նրան համարում են DerKlassiker-ի գլխավոր դերակատարներից մեկը: Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ քանի դեռ հնարավորություն կա գրավելու առաջին տեղը, ինքը եւ իր խաղընկերները մինջեւ վերջ պայքարելու են դրա համար: Ի դեպ, «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը ուղիղ եթերով ցուցադրվելու է աշխարհի 208 երկրներում, ինչը նոր ռեկորդ է DerKlassiker-ի պատմության մեջ: Խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին: