Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Պետրոսյանի հաղթարշավը ընդհատվեց

Սպորտ
dc82b3ab26d142058824b8b41372d5b2

Հայաստանի շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանին չհաջողվեց շարունակել հաղթարշավը Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ օփեն» շախմատային տոնահանդեսում: Ա խմբի մրցաշարի 3-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Նայերին, որն էլ այժմ 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այդպիսով, ընդհատվեց Տիգրան Լ. Պետրոսյանի երկու պարտիայից բաղկացած հաղթարշավը: Մոսկվայում կորցրած առաջին միավորը վերադարձնելու համար նա այսօր պետք է անպայման հաղթի Ռուսաստանի մեկ այլ շախմատիստ՝ գրոսմայստեր Սանան Սյուգիրովին: Մրցաշարում առաջին պարտությունը կրեց նաեւ հաղթանակով մեկնարկած Հայկ Մ. Մարտիրոսյանը, որը երրորդ տուրում սպիտակներով զիջեց ռուսաստանցի Դանիլ Դուբովին: 16-ամյա միջազգային վարպետն այսօր ուժերը կչափի գրոսմայստեր Վիտալի Կունինի հետ: Մեր երրորդ մասնակից Ռոբերտ Հովհաննիսյանն առայժմ իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս: Մրցաշարի մասնակիցների մեջ բարձր վարկանիշ ունեցող մեր շախմատիստը առայժմ վաստակել է 1,5 միավոր եւ զբաղեցնում է 57-րդ տեղը: Նա 4-րդ տուրում մրցելու է արգենտինացի գրոսմայստեր Ալան Պիկոտի հետ, որն անհամեմատ ցածր վարկանիշ ունի, սակայն լրացուցիչ գործակիցներով առայժմ 18 տեղով առաջ է մեր շախմատիստից: Բ խմբում հանդես եկող մեր շախմատիստներից հաջող են մեկնարկել ստեփանակերտցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը եւ Տիգրան Հ. Հարությունյանը, որոնք երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր: Գ խմբի մրցաշարում նույնպիսի արդյունք ունեն Արթուր Դավթյանն ու Արթուր Ղարագյոզյանը՝ սակայն 4 տուրից հետո: