Թենիսի Հայաստանի հավաքականը պարտվեց Մակեդոնիային
Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտությունով սկսեց ելույթները Էստոնիայում ընթացող Դեւիսի գավաթի խաղարկության եվրոպական 3-րդ գոտու մրցաշարը: Մեր թենիսիստներն առաջին տուրում ուժերը չափեցին Մակեդոնիայի ազգային թիմի հետ: Առաջին մենախաղում Միքայել Խաչատրյանը 4:6, 0:6 հաշվով պարտվեց Դիմիտար Գրաբուլին: Երկրորդ մրցախաղում Միքայել Ավետիսյանը տանուլ տվեց Տոմիսլավ Յոլովսկուն՝ 4:6, 2:6: Զուգախաղերում Հայաստանի հավաքականը ներկայացնող Միքայել Ավետիսյան-Հենրիկ Նիկողոսյան երկյակը 1:6, 4:6 հաշվով զիջեց Դիմիտար Գրաբուլ- Տոմիսլավ Յոլովսկի զույգին: Այդպիսով, մրցաշարի անդրանիկ տուրում մեր հավաքականը պարտվեց 0:3 ընդհանուր հաշվով: Վաղը կայանալիք երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ, որն այսօր 3:0 հաշվով առավելության է հասել Ալբանիայի ազգային թիմի նկատմամբ: