ՀՀ պատգամավորները ֆուտզալ կխաղան բիզնես լիգայում
Մարտի 12-ին Հայաստանում կմեկնարկի ֆուտզալի նոր մրցաշար: Այն կոչվելու է Ֆուտզալի բիզնես լիգա: Ինչու՞ բիզնես: Որովհետեւ դրան հիմնականում մասնակցելու են բիզնեսով զբաղվող կազմակերպությունների թիմերը, մասնավորապես... Լիգան բաղկացած է լինելու երկու՝ Ա եւ Բ խմբերից: Տարբերությունը կայանալու է նրանում, որ Բ խմբում հանդես են գալու այդ ընկերությունների միմիայն աշխատակիցները, իսկ Ա-ում՝ նաեւ դրսից հրավիրված խաղացողներ: Հանդիպումներն անցկացվելու են «Դինամո» մարզադահլիճում, որտեղ եւ գտնվելու է լիգայի նստավայրը: Լիգան ունենալու է իր կայքէջը: Միակ խնդիրն այն է, որ այն դեռեւս գլխավոր հովանավոր չունի: Ֆուտզալի բիզնես լիգան պատրաստվում է հռչակագիր կնքել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որպեսզի այն օգնի մրցավարներով, ինչպես նաեւ մասնագիտական այլ հարցերով: Ի դեպ, Ֆուտզալի բիզնես լիգային մասնակցելու ցանկություն է հայտնել նաեւ ՀՀ ազգային ժողովի պատգամավորների թիմը: Իսկ թե որ խմբում հանդես կգան օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, հայտնի կդառնա առաջիկա օրերին: Նշենք, որ «Ֆուտզալի բիզնես լիգա» հասարակական կազմակերպության նախագահն է Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: