Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ Է

Սպորտ

Մոնտե Կառլոյի շախմատի միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը զգալիորեն նահանջել է եւ այժմ 12 մասնակիցների ցանկում ընդամենը 9-րդն է:

7-րդ տուրում Արոնյանը 0:2 հաշվով զիջեց Ալեքսանդր Մորոզեւիչին` պարտվելով նրան թե կույր պարտիայում, թե արագ շախմատում: 8-րդ տուրում Արոնյանը 1:1 հաշվով ավարտեց պարտիան, նույնպես Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Այստեղ Արոնյանը պարտվեց կույր պարտիայում, իսկ արագ շախմատում հաղթանակ տոնեց եւ մրցամարտն ավարտվեց ոչ-ոքիով:

Հայ գրոսմայստերի մոտ արդեն ակնհայտ զգացվում է հոգնածությունը, քանի որ նա Լինարեսի սուպերմրցաշարից հետո հանգստանալու հնարավորություն գրեթե չունեցավ եւ նույնիսկ ցանկանում էր հրաժարվել Մոնակոյի մրցաշարից, որպեսզի լավ նախապատրաստվի մայիսին մեկնարկելիք համաշխարհային օլիմպիադային:

9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը, որը 7.5 միավորով գտնվում է 6-րդ տեղում, իսկ մրցաշարային աղյուսակը 11 միավորով գլխավորում է Մորոզեւիչը: