Զավեն Անդրիասյանը դարձավ Հայաստանի չեմպիոն
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը շախմատի Հայաստանի 2016 թվականի տղամարդկանց չեմպիոնն է: Այսօր կայացած վերջին տուրում առաջնության միանձնյա առաջատարը սեւերով հանդիպեց մրցաշարի նորեկ Նորայր Թորոսյանի հետ: Առաջին տեղը գրավելու համար Զավեն Անդրիասյանին հարկավոր էր նվազագույնը ոչ-ոքի խաղալ ազգային վարպետի հետ: Դա նրան հեշտությամբ հաջողվեց անել եւ, վաստակելով 8 միավոր, դարձավ այս տարվա առաջնության հաղթողը: Մրցանակային հաջորդ երկու տեղերի համար պայքար էին մղում երեք շախմատիստներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, ընդ որում վերջին երկուսին անպայման հաղթանակ էր պետք: Սակայն երեքն էլ ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ մնացին նույն տեղերում: Դա նշանակում է, որ Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ արծաթե, իսկ Արման Փաշիկյանը՝ բրոնզե մեդալակիր: Սամվել Տեր-Սահակյանը լրացուցիչ գործակիցներով դուրս մնաց առաջին եռյակից: Հավելենք, որ անցած տարվա չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը վերջին տուրում պարտություն կրեց, վաստակեց ընդամենը 4 միավոր եւ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ բաժանեց 10-11-րդ տեղերը: