Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինոն որպես ճակատագիր. Լևոն Աթոյանց (տեսանյութ)

Մշակույթ
atoyanc

Լևոն Աթոյանցի կենսագրությունը հայ կինոյի պատմությունն է: Թիֆլիսեցի տղայի, ով տեսել էր, թե ինչպես են «Գիքորն» ու «Պեպոն» նկարահանում իրենց թաղամասում: Ով Միխաիլ Ռոմի «Տասներեքը» ֆիլմի դիտումից հետո թաքնվել էր դահլիճում, որ սավանի հետևում ստուգի՝ «որտեղ են թաքնված ձիերը», ու հասկանալով, որ հենց սա է կինոն, հաստատ որոշել կինոօպերատոր դառնալ: «Հայֆիլմում» 30-ից ավելի ֆիլմեր նկարահանեց, լավագույն ֆիլմեր, այդ թվում՝ «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Քաոս», «Զինվորն ու փիղը», «Վառված լապտեր», «Ուրախ, տխուր մարդը», «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Աղետ»: Լևոն Աթոյանցը սիրում է իր բոլոր ֆիլմերն ու սիրով է հիշում ռեժիսորներին, ում հետ կերտեց կինոյում անցած իր հրաշալի ճանապարհը: Հենրիխ Մարգարյան, Արնոլդ Աղաբաբով, Լաերտ Վաղարշյան, Յուրի Երզնկյան, Արման Մանարյան, Դմիտրի Քեոսայան: Սիրով է հիշում մեր մեծերին Մարտիրոս Սարյանին ու Վիլյամ Սարոյանին, Հրաչյա Ներսիսյանին ու Ավետ Ավետյանին, Աղասի Այվազյանին ու Մուշեղ Գալշոյանին,Վարդուհի Վարդերեսյանին, Մհեր Մկրտչյանին, Սոս Սարգսյանին, ու էլի շատ-շատերի, որոնց նկարահանում ու լուսանկարում էր: Սիրով հիշում է նաև այն Երևանը, որն այսօր ավաղ պատմություն է…