Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԱՄԵՆԸ 3 ԼԵԳԻՈՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԹԻՄՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 21-ին կանցկացնի թվով 3-րդ ստուգողական հանդիպումը ընթացիկ տարում: Այս անգամ Հայաստանի ազգային թիմը գերմանական Ահլեն քաղաքում կմրցի Գերմանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ:

Չնայած հանդիպումը ընկերական է, սակայն գերմանացիները ամենայն լրջությամբ են նախապատրաստվում Հայաստանի հետ մրցավեճին, քանի որ առաջիկայում մասնակցելու են աշխարհի երիտասարդական առաջնությանը: Գերմանիայի կազմում ըդգրկված ֆուտբոլիստները հանդես են գալիս այդ երկրի ուժեղագույն ակումբներում:

Հայաստանի հավաքականը մարտի 19-ին է մեկնելու մրցավայր, սակայն ոչ մարտական կազմով: Լեգիոներներից մի քանիսը չեն կարող հեռանալ իրենց ակումբներից, քանի որ մարտի 21-ը ՖԻՖԱ-ի օրացույցում պաշտոնական հանդիպումերի օր չէ, ուստի ակումբները իրավունք ունեն չթույլատրել իրենց խաղացողներին մասնակցել այս մրցավեճին: Այնուամենայնիվ, արտասահմանյան ակումբներում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից հավաքականի տրամադրության տակ կլինեն Ռոմիկ Խաչատրյանը, Համլետ Մխիթարյանը եւ Արման Քարամյանը:

Մնացած ֆուտբոլիստները ներկայացնում են հայկական ակումբները: Հավաքականի կազմում ընդգրկված են հետեւյալ 19 ֆուտբոլիստները. դարպասապահներ Գեւորգ Կասպարովը, Էդգար Գասպարյանը, պաշտպաններ Սարգիս Հովսեփյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Աղվան Մկրտչյանը, Վալերի Ալեքսանյանը, Արտաշ Բաղդասարյանը, Հովհաննես Գրիգորյանը, կիսապաշտպաններ Համլետ Մխիթարյանը, Ռոմիկ Խաչատրյանը, Արմեն Տիգրանյանը, Լեւոն Պաչաջյանը, Արթուր Ոսկանյանը, Սամվել Մելքոնյանը, Ռոմեո Ջենեբյանը, հարձակվողներ Արման Քարամյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Ղարաբաղցյանը:

Հատկապես մտահոգիչ է դարպասապահի խնդիրը, քանի որ Գեւորգ Կասպարովը եւ Էդգար Գասպարյանը միջազգային հանդիպումների փորձ գրեթե չունեն: Նշենք նաեւ, որ Էդգար Գասպարյանը Հովհաննես Գրիգորյանը եւ Տիգրան Ղարաբաղցյանը առաջին անգամ են ըդգրկված ազգային թիմի կազմում:

Գերմանիայի երիտասարդական հավաքականի եւ Հայաստանի միջեւ կայանալիք հանդիպում տեղի կունենա Ահլենի քաղաքային մարզադաշտում, Երեւանի ժամանակով 22:45-ին: