«Ձեռքը դրեց ուսիս, ասաց՝ լավ կնայես տղաներիս» (տեսանյութ)
Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Կարինե Թովմասյանն ամուսնուն վերջին անգամ 23 տարի առաջ է տեսել: 1992-ին Ավետիք Թովմասյանն անհայտ կորել է Լաչինի միջանցքի համար մղվող մարտում: Ամուսնու մեկնելու պահն անընդհատ նրա մտքում է: «Գիշերվա երեքանց կես պետք է հավաքվեին մեր տանը՝ ճակատ գնալու համար, ձեռքը դրեց ուսիս, ասելով՝ լավ կնայես տղաներիս, ես կգամ»: Ավետիք Թովմասյանի գտնվելու մասին ընտանիքն սկզբում կցկտուր տեղեկություններ ստացել է, սակայն նրա փնտրտուքն առանց արդյունքների է ավարտվել: Նամակ կամ զանգ ստանալն ընտանիքի անկատար երազանքներից է: Հատկապես դժվար է եղել երեխաներին բացատրել հայրիկի մշտական բացակայությունը: «Իմ մեծ տղան մեղադրեց ինձ՝ ասելով, որ ես մեղավոր եմ իր հոր ճակատագրով չհետաքրքրվելու համար, պատասխանեցի, որ հետաքրքրվել եմ, իսկ նա պնդեց, որ պատմեմ, թե իր հայրն ուր է գնացել»,- ասում է տիկին Կարինեն: Այն, ինչ ստիպեց Ավետիք Թովմասյանին գնալ արցախյան ճակատ, գիտի նրա թոռը՝ 9-ամյա Նարեկը: Պապիկի անցյալը պարտավորեցնող է: «Երբ որ ես մեծանամ, պիտի պապիս գործը շարունակեմ՝ շինարարության ինժեներ պիտի դառնամ»,- նշում է Նարեկը: Իր աշխատանքներն է ներկայացնում նաեւ Վլադիմիր Պողոսյանի կինը՝ տիկին Աիդան: 23 տարի է՝ նա էլ ամուսնուց լուր չունի։ «Հղի էի ու չորրորդ երեխային էի սպասում, չէի ուզում ինքը գնար: Բայց նա ասում էր՝ ես չգնամ, ո՞վ պետք է գնա»: Տիկին Աիդայի ձեռքի աշխատանքները կարևոր իմաստ են պարունակում: Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի՝ գոբելեն աշխատանքների ցուցադրությանը ներկայացված է 40 ստեղծագործություն, բոլորն էլ ստեղծված անհայտ կորածների ընտանիքների անդամների ձեռքով։